Ազգային ժողովի գրադարանից օգտվում են թե՛ պատգամավորները, թե՛ խորհրդարանի աշխատակազմը, թե՛ հասարակ քաղաքացիները: Վերջիններիս դեպքում, սակայն, պարտադիր է, որ փնտրվող նյութը կամ գիրքը որևէ այլ գրադարանում չլինի: ԱԺ գրադարանի վարիչ Ֆաթմա Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժվարացավ նշել՝ որ պատգամավորն ինչ գիրք է նախընտրում: «Դժվար է ասել՝ այս պատգամավորն այս գրքից է օգտվում, որևէ մեկն իրավունք չունի ասելու՝ անձն ինչ գրականություն է կարդում գրադարաններում ընդհանրապես: Դա բարոյական կոդեքսի մեջ չի մտնում: Ես կարող եմ ասել ավելի շատ պատգամավորներին ինչն է հետաքրքրում և ինչ թեմայի են անդրադառնում»,- ասաց նա:
Խաչատրյանի խոսքով՝ պատգամավորներին ավելի շատ հետաքրքրում են օրենսդրական տեխնիկայի հիմունքները օրենքի ստեղծման, կառավարման բնագավառում, հիմնականում օգտագործում են էլեկտրոնային գրականություն, ասենք՝ օրենսդրական տեխնիկայի կանոններ, համեմատական վերլուծություններ տարբեր երկրների օրենսդրությունների և հիմնականում այն պետությունների հետ, որոնք իրենց բնակչության թվով, պայմաններով Հայաստանին առավել մոտ են: «Որևէ օրենսդրական նախաձեռնության ժամանակ մեզանից խնդրում են Գերմանիայի, Ֆրանսիայի փորձը, բայց դա պետք է մինիմում – մաքսիմում համեմատությունների համար: Եթե կենսաթոշակներին, հաշմանդամներին, սոցիալական ոլորտին վերաբերող հարցեր են քննվում, ապա մեզ հետաքրքիր է՝ լավագույն երկրներում ինչպես են այդ խնդիրները լուծել: Պատգամավորներին ավելի շատ հետաքրքրում է այդ երկրների անցած ճանապարհը, այն ուղին, որով իրենք գնում են: Գրադարանում կան թեմատիկ դարակներ, գրադարանի վերջին ամենախոշոր համալրումը եղել է Համաշխարհային բանկի՝ ԱԺ-ի հետ համատեղ ծրագրով»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ծրագրում նաև գրադարանի հզորացում է նախատեսվում, գրականության ձեռք բերում:
Գրադարանի վարիչի խոսքով՝ իրենք ձեռք են բերել հայերեն, ռուսերեն, անգլերեն գրականություն: Հիմնականում հաշվի առնելով պատգամավորների, խումբ-խմբակցությունների, հանձնաժողովների կարծիքները, թե ինչ է իրենց պահանջարկը՝ թարմացրել են տեղեկատուները: Յուրաքանչյուր պատվիրակություն որևէ երկիր մեկնելուց առաջ հետաքրքրվում է այդ երկրի վերաբերյալ վերջին տեղեկություններն ինչպիսին են՝ սկսած բնակչության թվից, վերջացրած նրանց ազգային տոներով: «Մենք տեղեկատուները թարմացրել ենք, որպեսզի նրանք երկրից դուրս գալիս իրազեկ լինեն այդ երկրի մասին վերջին տեղեկություններին: Տնտեսագիտության վերաբերյալ գրականություն ենք համալրել, մարդու իրավունքների վերաբերյալ ևս շատ են հարցումները, որովհետև Մարդու իրավունքները կարծեք բոլոր բնագավառներին հավասարապես առնչվում են: Սահմանադրության, օրենքի մեկնաբանություններ կան, վերջիններն անգամ առանձնացրած ունենք»,- ասաց Խաչատրյանը: Նա նշեց, որ գրադարանից օգտվողների պահանջի առյուծի բաժինն ընկնում է էլեկտրոնային գրականությանը, քանի որ մինչև պահանջվող թեմայով գրքեր ստեղծվեն, դրանք կարող են հնացած լինել, իսկ էլեկտրոնային եղանակով սպասարկումը շատ ավելի ճկուն է: Եթե, ասենք, պառլամենտարիզմի մասին նյութեր են խնդրում իրենցից, իրենք արդեն իսկ ստեղծած էլեկտրոնային թղթապանակ ունեն, ու միշտ դա համալրում են, դա պատրաստի թղթապանակ է, որ ուղարկում են պատգամավորին, եթե լինում են այդպիսի կոնկրետ պահանջներ, նույնը լինում է, երբ գրադարանը գիտի, թե քառօրյայում կամ մեծ օրակարգում ինչ թեմաներ են ընդգրկված, ինչ օրենսդրական նախաձեռնություններ, դրանց հիման վրա արդեն նախապատրաստվում է, որպեսզի եթե դահլիճում որևէ բան քննարկվում է, նոր չսկսեն մտածել՝ ինչ կարելի է տալ:
Ըստ գրադարանի վարիչի՝ ցանկացած կառույցի գրադարան, այդ թվում և՝ ԱԺ-ի, «պիտի ավելի առաջ գնացողի դերում լինի», այդ գիտակցությունն է հենց, որով Համաշխարհային բանկը մեծ ծրագրի շրջանակներում անդրադարձել է նաև Ազգային ժողովի գրադարանին, նույնիսկ կահավորումը նրանց միջոցով է արված, օգնում են, որպեսզի իրենք կարողանան ավելի ճկուն դարձնել այն տեղեկատվությունը, որ մշակվում և պատգամավորներին է տրվում: «Օրինակ, եթե ձեզ հետաքրքրի որևէ թերթ (առայժմ միայն տպագիր), թե ինչ են գրել ԱԺ-ի կամ պատգամավորների մասին, մենք ամեն օր այդ բանկը համալրում ենք: Փորձում ենք ամեն ինչ անել, չեմ կարող ասել՝ իդեալականին մոտ ենք, կարող ենք բոլոր պայմաններին բավարարել, որովհետև գրականությունն անընդհատ հրատարակվում է, և ձեռքբերումները մեծամասամբ, ես կասեի՝ առյուծի բաժինը, ռուսերենով է, որովհետև դեռ պահանջարկը ավելի շատ ռուսերեն տիրապետողի խնդիր կա: Մենք խնդիր չունենք գրականությունը մեխանիկորեն հավաքելու, բայց վերջին տարիների ընթացքում, եթե սկզբից անգլերենով էինք ավելի շատ սպասարկում, հիմա ֆրանսերենի, գերմաներենի աշխուժություն է նկատվում, և մենք փորձում ենք մյուս լեզուներով ձեռք բերել այդ նյութերը»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ ամեն օր գրադարանի խնդիրն է հետևել ԱԺ կյանքին և փորձել անել ինչ-որ բան, սեփական լուման ներդնել: Եթե ԱԺ հանձնաժողովները խորհրդարանական լսումներ, քննարկումներ են անում, արդյունքում գրադարանը կարողանում է մամուլում այդ արձագանքները, նաև էլեկտրոնայինը, ուղարկել իրենց, որ կարողանան տեսնել իրենց աշխատանքի արդյունավետությունը:
Խաչատրյանը նշեց՝ պատգամավորը, ինչ էլ ասեն, այդքան ժամանակ չունի, որ անձամբ գա գրադարան, առավել ևս, որ գրադարանն էլ է դրան կոչված, ինքը պիտի հրամցնի: «Ուրիշ երկրների պառլամենտներում ամեն առավոտ գրադարանները դրանք քսերոկոպիա են անում կամ հանում են և դնում յուրաքանչյուր պատգամավորի սեղանին, որ նա ունենա. այս պահին մենք դեռ դա չենք անում, էլեկտրոնային ցանկն ուղղակի ուղարկում ենք: Պատգամավորներ կան, օրինակ՝ Մհեր Շահգելդյանը, ում մենք ամիսը մեկ, ըստ պայմանավորվածության, նյութերի ցանկը և լրիվ տեքստերը ուղարկում ենք, որ ծանոթանա, իմանա՝ ինչ են ասել: Փորձում ենք ավելի օպերատիվ լինել և ավելի նպատակային աշխատել»,- ասաց նա:
Նախկինում գրադարանը ստացել է բոլոր նոր գրքերից պարտադիր օրինակները, իսկ ներկայում համալրումն անում են նաև նվիրատվությունների հաշվին. կան գրքեր, որոնք գրադարանին նվիրում են, սակայն դրանք հավաքածուի մեջ չեն ընդգրկում. օրինակ, եթե մեկը մանկական գիրք է նվիրել, դրանից չեն կարող հրաժարվել, գիրքն օգտագործում են առավել արդյունավետ, նվիրում են մանկատներին, դպրոցներին, սփյուռքին: Գրադարանում ներկայում հաշվառված է 9700 կտոր գիրք. դրանք զուտ գրքերն են, կա նաև պաշտոնական տեղեկագրերի հավաքածու, որն ամեն օր հարստացվում է: Տարվա ընթացքում ամենաքիչը 79 պաշտոնական տեղեկագիր են ստանում, և դա պահպանվում է՝ սկսած 60-ականներից: Քաղաքացին դրանք այլ վայրում չի կարող գտնել, ուստի և պահպանվում են ԱԺ-ում: Գրադարանը, բացի հիմնական սրահից, ունի նաև երկու գրապահոց, սակայն վերև են բարձրացվել ավելի շատ շրջանառվող, ավելի ակտուալ թեմաներով գրքերը: «Գնում ենք Ցեղասպանության հարյուրամյակ, բնականաբար, պատգամավորի ձեռքին պիտի լինեն բոլոր այն միջազգային, վավերական պայմանագրերը, որոնք կպահանջվեն: Մնացած գրականությունը սովորական գրադարանների նման գրապահոցներում է պահվում:
Գրադարանը նաև մամուլի հավաքածուն է պահում, թերթերը, որոնք վերցվում են շապիկի մեջ և որպես միավոր պահպանվում: «Էլեկտրոնայինն, ասենք, դրվում է, բայց գիտեք՝ լրիվ չի դրվում, հղում են տալիս, ասում՝ կարդացեք այսինչ թերթում: Իհարկե, անվերջ և բոլորը պահելու հնարավորություն չունենք, ժամանակ առ ժամանակ որոշում ենք կայացնում՝ որ պարբերականը քանի տարի կարելի է պահել, որովհետև ամեն դեպքում մենք Ազգային գրադարան չենք: Մենք ավելի շատ անդրադառնում ենք այն թերթերին, որոնք մեզ, մեր կյանքին են շատ անդրադառնում: Գրադարանի գործառույթն ԱԺ պատգամավորներին սպասարկելն է, իհարկե, իրավունք չունենք որևէ քաղաքացու մերժել, եթե նա նյութ է ուզում, որը միայն մեր գրադարանում կա, այս դեպքում քաղաքացին իրավունք ունի գալ գրադարան, տեղում այդ նյութի հետ ծանոթանալ»,- ասաց նա: Խաչատրյանը նշեց, որ գրադարան այցելող քաղաքացիների մեջ շատ են ատենախոսությունների վրա աշխատողները. այնտեղ կան նաև չհրապարակված ծառայողական օգտագործման նյութեր, ասենք՝ Կառավարության արձանագրային որոշումներ, որոնք չեն տպագրվում, այլ բաշխվում են հիմնարկներին՝ ծառայողական օգտագործման համար, բացի այդ, գրադարանն ունի չհրապարակված նյութերի արխիվ, որը պարտավոր է քաղաքացուն տալ, մերժելու իրավունք չունի, առանձին բացառություններ լինում են նիստի օրերին, երբ փոքր-ինչ դժվար է սպասարկել քաղաքացիներին: Քաղաքացուն որևէ գիրք կամ նյութ տրամադրելուց առաջ պարտադիր ճշտում են՝ այլ գրադարաններում չկա՞ր դա:
Գրադարանի վարիչը դժվարացավ նշել՝ որն է ամենապահանջված գիրքը և ով է ամենաընթերցասեր պատգամավորը (կամ խմբակցությունը): «Դե, նայած ժամանակ: Կարող է մի էտապ գա, երբ Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքն է շատ պահանջված, վերջին շրջանում դժվարանում եմ հիշել՝ որն է ամենապահանջվածը: Հիմա մենք ունենք մեմուարային գրականություն քաղաքական գործիչների վերաբերյալ, հավաքում ենք. դա իրենց հետաքրքրում է: Մենք նաև հավաքել ենք պատգամավորների հեղինակած գրքերը, որ արդեն մեկը մյուսին հետաքրքրում է, թե պատգամավորը, բացի իր այս գործունեությունից, սկզբունքորեն ինչ է արել: Նաև գեղավեստական գրականության փոքր հավաքածու ունենք, իրենց համար անգամ զարմանալի էր, որ մենք սկսել ենք ստեղծել այդ հավաքածուն, դա ևս իրենց հետաքրքրում է»,- ասաց Խաչատրյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուր խմբակցությունում էլ կան ակտիվ պատգամավորներ, ովքեր միշտ անցնելիս կմոտենան, կտեսնեն՝ ցուցահանդեսում ինչ է դրված, կան նաև պասիվ պատգամավորներ, սակայն նրանց առանձնացնել գրադարանի վարիչը չցանկացավ: Նրա խոսքով՝ պատգամավոր Արծվիկ Մինասյանն, օրինակ, կարող է որևէ նյութի վերաբերյալ անընդհատ նյութեր խնդրել, սակայն շատ են դեպքերը, երբ որևէ օգնական կամ փորձագետ է գալիս որևէ նյութ վերցնելու, այս դեպքում արդեն չի կարող ասել՝ որ պատգամավորի համար է տանում, որ խմբակցության: «Կարող եմ ասել՝ չի կարող լինել խորհրդարանական քննարկում, լսում, ուր մենք մեր մասնակցությունը չունենանք, դա նշանակում է, որ իրենք՝ պատգամավորները, պահանջում են»,- ասաց նա:
Գրադարանում իրենց տեղն են գտել պատգամավորներ Համլետ Հարությունյանի, Միքայել Մելքումյանի, Մարգարիտ Եսայանի, Ռուբեն Գևորգյանի, Հեղինե Բիշարյանի, Էդուարդ Շարմազանովի հեղինակած գրքերը: Գրադարանն ունի ընթերցասրահ, աբոնեմենտով, նաև՝ միջգրադարանային աբոնեմենտի հնարավորություն, քանի որ ամեն ինչ չի որ կա ԱԺ գրադարանում, և իրենք օգտագործում են Հայաստանի բոլոր գրադարանների հնարավորությունները, ժամանակավորապես բերում են նյութեր, վերադարձնում: Գրադարանից գիրքը կարող են վերցնել և տուն տալ, սակայն կա նաև ընթերցասրահ: «Օրվա մամուլը որևէ մեկին այստեղից դուրս չենք տալիս: Եթե մեկը տանի, մյուսը գա կարդալու, հավասարությունը չես կարող ապահովել: Աբոնեմենտներից օգտվելիս կարելի է 15 օրով տանել գիրքը, եթե դրա պահանջարկը չկա, սակայն եթե մեկ օրինակ գիրք է, իսկ մեզ մոտ այդպիսիք շատ են հանդիպում, ապա պայման կա. նա պիտի գոնե իր սենյակում թողնի, որ անհրաժեշտության դեպքում վերցնենք: Ենթադրենք, դուք թարգմանություն եք անում և տարել եք մի բառարան, օրինակ՝ Օքսֆորդի բառարանը, որ ձեզ պետք է, մեկ ուրիշին մեկ բառ է պետք ճշտել, նա մեղավոր չէ: Այսինքն՝ հնարավորինս օպտիմալ ձևով փորձում ենք եղած ռեսուրսներն օգտագործել»,- ասաց Ֆաթմա Խաչատրյանը:
Պատգամավորը, սակայն, կարող է գրադարան չգալ. նրանք գրադարանի էլեկտրոնային հասցեն գիտեն, կարող են խնդրել՝ այսինչ նյութն ուղարկել: Ֆիզիկապես գրադարան գալն, ըստ Խաչատրյանի, աշխարհի ոչ մի գրադարանում պարտադիր չէ: Դրա համար աշխարհի գրադարանները կոչվում են Թվային գրադարաններ կամ գրադարաններ՝ առանց պատերի. «Ես չունեմ այս սենյակի հասկացությունը: Մենք չենք կարող պատգամավորին ասել՝ չունենք, ու օլիմպիական հանգստությամբ նստել»,- ասաց նա:
ԱԺ գրադարանի աշխատակիցներն ընդամենը չորսն են:









































