Բրյուսելի դատախազությունը 2012-ից հետաքննություն է անցկացնում ֆրանսիացի միլիարդատեր Բերնար Առնոյի դեմ: Այս մասին հայտնում է Radio France Internationale-ը:
Հետաքննությունը վերաբերում է ֆրանսիացի գործարարին պատկանող բելգիական Pilinvest հոլդինգի կապիտալի ավելացման հանգամանքներին: Դատախազության պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ քննիչները կասկածում են նրան բնակության կեղծ հասցեի նշման մեջ:
2012-ի աշնանը գործարարը Բելգիայի քաղաքացիություն ստանալու ցանկություն է հայտնել, որն էլ մեծ սկանդալ է առաջացրել Ֆրանսիայում, որտեղ միլիոնատերերի համար բարձրացվելու են հարկերը: Բերնար Առնոն մատնանշել է Բրյուսելի արվարձանում իրեն պատկանող բնակարանի հասցեն, իսկ կես տարի անց հրաժարվել է քաղաքացիությունը փոխելու որոշումից:








































