Ելույթ ունենալով Ջորջթաունի համալսարանի բեմում՝ Լորա Բուշը, Հիլարի Քլինթոնն ու Ջոն Քերին հերթով կոչ էին արել ամերիկացիներին չթողնել կանանց ու երեխաներին Աֆղանստանում այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների զինվորները վերադառնան տուն, հայտնում է The Washington Post-ը:
«Ես շատ եմ անհանգստանում: Ես ուզում եմ, որ Աֆղանստանում մարդիկ իմանան, որ ամերիկացիներն իրենց հետ են»,- բեմից ասել է Լորա Բուշը:
Նրա խոսքով՝ ինքը վախենում է, որ երբ վերջին ամերիկացի զինվորը լքի Աֆղանստանը, ԱՄՆ-ը կշրջվի այդ երկրի բնակիչներից, ու նրանք կմտածեն, թե ամերիկացիներն իրենց մասին մոռացել են:
«Ես ամբողջությամբ համաձայն եմ Լորայի հետ: Առաջինը, ինչի մասին կմտածեն աֆղան կանայք, դա այն է, թե ինչպես են իրենք շարունակելու աշխատանքը, եթե իրենց անվտանգ չեն զգալու»,- հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:
Նախկին առաջին տիկինները համաձայնել են այն բանի հետ, որ ԱՄՆ-ը պետք է Աֆղանստանի խաղաղ բնակիչներին աջակցելու ուղիներ գտնի:









































