ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի հռչակագիրը, որով Գոհաբանության օրը հռչակվում է ազգային տոն, գնորդ չի ունեցել Նյու Յորքի Christie’s աճուրդում՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Աճուրդի կազմակերպիչները հուսով էին, որ փաստաթուղթը կվաճառվի 8-12 մլն դոլարով:
1789թ. հոկտեմբերի 3-ով թվագրված փաստաթուղթը ԱՄՆ բնակիչներին կոչ է անում Գոհաբանության օրը տոնել հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 26-ին: Ներկայում այս տոնը նշվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը:
Christie’s-ի ներկայացուցիչների խոսքով՝ հայտնի է այդ փաստաթղթի ընդամենը 2 օրինակի մասին, որոնցից մեկը վաճառվում էր ներկա աճուրդում, իսկ մյուսը գտնվում է Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում:
Գոհաբանության օրը ԱՄՆ-ի ամենահին ու ամենասիրված տոներից է, որն ամերիկացիները սկսել են նշել 1621թ., երբ ներկայիս Մասաչուսեթսի բնակիչները առաջին բերքահավաքից հետո որոշեցին իրենց գոհաբանությունը մատուցել Աստծուն:
Աճուրդի արդյունքները փորձագետների համար եղել են բավական անսպասելի:









































