Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Championat-ին տված հարցազրույցի ժամանակ, մասնավորապես, խոսել է Յուրա Մովսիսյանի ապաքինման ընթացքի մասին:
Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի հարձակվողը 12 գոլով գլխավորում է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը:
«Դեռ չգիտեմ, կկարողանա՞ արդյոք Յուրան մասնակցել ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը: Այժմ նա մարզվում է անհատական ծրագրով: Հաջորդ շաբաթ Մովսիսյանը կմարզվի թիմի հետ: Տեսնենք, թե ինչ վիճակում կլինի նրա ծունկը: Հուսով եմ` ամեն ինչ լավ կլինի և Յուրան շուտ խաղադաշտ կվերադառնա:
Եթե հանկարծ Մովսիսյանի ապաքինման ընթացքում խնդիրներ ծագեն, մենք ռիսկի չենք դիմի` վտանգելով Յուրայի առողջական վիճակը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգան, օրինակ, Բարիոսը կամ Ուորիսը»,- ասել է Կարպինը:









































