Հայաստանի ճանաչելիության և զբոսաշրջային գրավչության բարձրացման միջոցառումները չեն սահմանափակվի միայն միջազգային ցուցահանդեսներին մասնակցությամբ, նախատեսվում է նաև գովազդային արշավների և Հայաստանի օրերի անցկացում թիրախային շուկաներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի Մարքեթինգի խմբի ղեկավար Աստղիկ Չապլինը մանրամասներ հայտնեց առաջիկայում սպասվող մի քանի միջոցառումների օրակարգի վերաբերյալ:

Առաջիկայում հայաստանյան 17 զբոսաշրջային կազմակերպություններ կմասնակցեն «ITB Berlin 2018»-ին
Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ մշակված ծրագրերի շրջանակներում հայկական զբոսաշրջային ընկերությունները մեկ միասնական տաղավարով մարտի 7-11- ը կներկայանան Բեռլինի ամենամյա ITB ցուցահանդեսին: Այս տարի ցուցահանդեսի մասնակից երկրների թվաքանակը 180-ից ավելի է։ Ինչպես նշեց Աստղիկ Չապլինը, Հայաստանը ճանաչելիության բարձրացման խնդիր ունի, և այս միջոցառմանը մասնակցությամբ մեծամասամբ լուծվում է արտասահմանցի գործընկերների շրջանում Հայաստանի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման հարցը: «Դուք գիտեք, որ արտասահմանցիներին, երբ փորձում ես բացատրել, թե որտեղից ես, հասկանում ես, որ շատերը «Հայաստան» բառն առաջին անգամ են լսում: Փորձում ես բացատրել, թե ովքեր են մեր հարևանները, ազգությամբ հայ հայտնիները և այլն։ Ցուցահանդեսների միջոցով հարթակ է ստեղծվում տուր-օպերատորների համար հանդիպել ու համագործակցություն հաստատել արտասահմանյան գործընկերների հետ»,-ասաց Աստղիկ Չապլինը:
Նա ուշագրավ համարեց փաստը, որ այս տարի հիմնադրամին հաջողվել է տաղավարի համար ավելի մեծ տարածք վարձակալել, ինչպես նաև ցուցահանդեսային սրահում վերականգնել գործնական շփումների տեսանկյունից շահեկան տեղը:
Ցուցահանդեսին զբոսաշրջային կազմակերպությունները հանդես կգան իրենց կողմից առաջարկվող զբոսաշրջային փաթեթներով, որոնք Հայաստանը հիմնականում դիրքավորում են որպես գաստրո, մշակութային, կրոնական, արկածային զբոսաշրջության, էկոտուրիզմի ուղղություն: Աստղիկ Չապիլինի խոսքով` ներկայում մշակում են Հայաստանը որպես ուխտագնացության ուղղություն առաջ մղելու հայեցակարգը:

Հայաստանի «մինի օր» Բեռլինում
Այս տարի ցուցահանդեսային ձևաչափից զատ Հայաստանը մեկ այլ նախաձեռնությամբ հանդես կգա: «ITB Berlin 2018»-ի ընթացքում, ինչպես մեր զրուցակիցը նշեց, կանցկացվի Հայաստանի «մինի օր»: «Մարտին 9-ին` ժամը 12։30-14։30-ին, ցուցահանդեսային սրահի մեկ այլ տաղավարում կանցկացվի Հայաստանի գովազդային արշավ: Բոլոր այցելուներին կտրամադրվեն հայկական արտադրության հուշանվերներ, Հայաստանի զբոսավայրերի մասին տեղեկատվական նյութեր, վիրտուալ իրականության (VR) ակնոցների օգնությամբ նրանց ցույց կտանք մեր զբոսաշրջային գրավչությունները: Նախատեսվում է նաև հայկական արտադրության խմիչքների և ուտեստների համտես: Մենք ցանկանում ենք, որ B2B-ները ոչ ֆորմալ հարթակում էլ կայանան»,-ասաց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչը` նշելով, որ միջոցառմանը կապահովվի նաև գերմանական լրատվամիջոցների ներկայությունը:
Աստղիկ Չապլինն ընդգծեց, որ Բեռլինում կայանալիք միջոցառումների կազմակերպման հարցում մեծ դերակատարում է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը` դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորությամբ:

Բեռլինից հետո Դուբայ` «ATM Dubai 2018»-ին
Աստղիկ Չապլինի գնահատականով` Դուբայում Հայաստանից ավելի փոքր ներկայություն կապահովեն, բայց անպայման ցանկանում են մասնակցել` հաշվի առնելով Ծոցի արաբական երկրների դերը Հայաստանի զբոսաշրջության զարգացման գործում: «Մենք բանակցություններ ենք վարում կազմակերպիչների հետ ու շատ շուտով հրավերը կուղարկենք մեր տուր-օպերատորներին, որ տեսնենք ովքեր ցանկություն ունեն մասնակցելու։ Դա շատ կարևոր ցուցահանդես է, քանի որ Ծոցի արաբական երկրները մեզ համար թիրախային շուկաներ են»,-ասաց մեր զրուցակիցը:
«ATM Dubai 2018» միջազգային ցուցահանդեսն այս տարի կանցկացվի ապրիլի 22-25- ը: Ավանդաբար կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի ավելի քան 39 հազար ներկայացուցիչներ: Տարվա ընթացքում ծրագրվում է մասնակցություն ևս մեկ միջազգային ցուցահանդեսի, որի ընտրությունը կկատարվի ըստ զբոսաշրջային օպերատորների նախասիրության: Այս առումով, ըստ Չապլինի, սերտ համագործակցություն է հաստատվել նաև Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության հետ։
Մասնակցություն Profi.Travel առցանց ցուցահանդեսին
Այս տարի նախատեսվում է նաև մասնակցություն ԱՊՀ երկրներում և Վրաստանում մեծ ճանաչում վայելող Profi.Travel առցանց ցուցահանդեսին։ Profi.Travel զբոսաշրջային B2B պորտալը կներառի Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող տարատեսակ հոդվածների հրապարակում, հատուկ առաջարկների և միջոցառումների մասին ռուսաստանյան և ԱՊՀ երկրների զբոսաշրջային ոլորտի մասնակիցների տեղեկատվական թերթիկների տարածում (շուրջ 90 հազար և ավելի զբոսաշրջային ոլորտի կոնտակտային բազա)։ Նախատեսվում է նաև մասնակցություն թեմատիկ ցուցահանդեսների։










































