Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան կմասնակցի «Ժնև-2» համաժողովին պայմանով, եթե Բաշար Ասադը իր պաշտոնը փոխանցի լիազորված անցումային կառավարոությանը՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի գերագույն խորհուրդը քննարկել է համաժողովին մասնակցելու հնարավորությունը և դրական որոշում է կայացրել՝ նախապայմանով, որ Բաշար Ասադն իր պաշտոնը փոխանցի լիազորված անցումային կառավարությանը»,- մեջբերում է գործակալությունը սիրիական ընդդիմության հայտարարությունը, որը Ստամբուլում երկօրյա նիստ է անցկացրել:
Կոալիցիայի ներկայացուցիչ Մոնզել Աքբիկը հավելել է, որ անցումային շրջանում և Սիրիայի ապագայում Սիրիայի գործող նախագահ Բաշար Ալ-Ասադը ոչ մի դերակատարում չի ունենա:
Բացի Ասադի հրաժարականի պահանջից՝ կոալիցիան մտադիր է «Ժնև-2» համաժողովի մասնակցությանը ներգրավել սիրիական ընդդիմության մարտական ջոկատների ներկայացուցիչներին: Կոալիցիայի մամլո քարտուղար Խալիդ Սալեհը հաղորդել է, որ Սիրիայի ազատ բանակը և մյուս զինված խմբավորումները միանման կերպով կռվում են ընդհանուր թշնամու դեմ:
«Եթե մենք մեկնենք Ժնև, նրանք ևս պետք է լինեն ընդհանուր պատվիրակության մի մասը: Նրանք, ինչպեսև մենք, ունենք հաջողակ և ժողովրդավարական Սիրիա կառուցելու ձգտում»,- ասել է նա:










































