Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել «Արսենալ»-ի դեմ խաղի վերաբերյալ:
«Չեմ կարծում, թե նման կարգի խաղերում կարելի է որևէ մեկի ինչ-որ բանով զարմացնել: Վստահ եմ, որ երկու թիմերն էլ ցուցադրելու են իրենց խաղաոճը: Սակայն ֆուտբոլային ցանկացած հանդիպման ժամանակ այնպիսի պահեր են ստեղծվում, երբ էական են դառնում ոչ էական գործոնները, որոնք էլ որոշում են խաղի ելքը:
Առաջին խաղում ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել: Բավական է հիշել, թե ինչպես Սանտի Կասորլայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Չեմ կարծում, թե «Արսենալ»-ն ավելի լավ է խաղում արտագնա հանդիպումներում: Լոնդոնցիները հզոր են թե´ տանը, թե´ մրցակցի խաղադաշտում:
Ես ուսումնասիրել եմ լոնդոնցիների` «Բավարիա»-ի դեմ նախորդ մրցաշրջանի խաղը: «Զինագործներ»-ը շատ ուժեղ խաղացին հանդիպման վերջնամասում: Սաներիս հետ քննարկեցինք այդ խաղը և եզրակացության եկանք, որ վայրկյան անգամ չպետք է թուլանանք: Դիմակայության ելքը մեզնից է կախված: «Արսենալ»-ի համար շատ դժվար կլինի, եթե ցուցադրենք մեր վարպետունը»,- ասել է Յուրգեն Կլոպը:








































