Իրանը պատրաստ է աջակցել Սիրիայում կռվող բոլոր օտարերկրացիների՝ այդ երկրից համաձայնեցված դուրսբերմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իրանը պատրաստ է Սիրիայից բոլոր օտարերկրյա ուժերի դուրսբերման կոչ անել: Մենք պատրաստ ենք նրան, որպեսզի բոլորը, ովքեր ազդեցություն ունեն, հասնեն Սիրիայի տարածքից բոլոր ոչ սիրիացիների դուրսբերման»,- ասել է նա:
Նրա խոսքերը պատասխանն էին լրագրողի այն հարցին, թե՝ Իրանը պատրա՞ստ է կիրառել իր ազդեցությունը լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» շարժման վրա՝ Սիրիայից այդ խմբավորման ստորաբաժանումները դուրս բերելու համար, որտեղ նրանք կռվում են ընդդեմ գրոհայինների: Սիրիայում գործում են նաև իրանցի զինվորական խորհրդատուներ և կամավորներ, ովքեր կռվում են նախագահ Բաշար Ասադի կողմից:
Իրանի արտգործնախարարը հասկացնել է տվել, որ իրանցիներն ու լիբանանցի շիաները կլքեն Սիրիան միայն այն դեպքում, երբ նույնն անեն օտարերկրացի սուննի իսլամիստ գրոհայինները, ովքեր կռվում են ընդդիմության շարքերում ու վայելում Սաուդյան Արաբիայի ու Կատարի աջակցությունը:
Նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի արտգործնախարար, արքայազն Սաուդ Ալ-Ֆեյսալը հայտարարել էր, որ Իրանը պետք է հեռանա Սիրիայից, և դատապարտել է այդ երկրում Իսլամական Հանրապետության զորքերի ներկայությունը:









































