«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.
«Երեկ մի քանի ժամով մայրաքաղաքը ռազմական գործողությունների թատերաբեմ էր հիշեցնում: «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը որոշել էր իրականացնել դեռ 2011 թվին տված խոստումը հեղափոխություն անելու մասին: Բահի կոթերով ու «Մոլոտովյան կոկտեյլներով» զինված մի քանի տասնյակ դիմակավորված երիտասարդներ փողոց էին ելել և կարծում էին, որ իրենց կհաջողվի իրականացնել այն, ինչ չկարողացան անել ընդդիմադիր ուժերը, ՀՀ նախագահի թեկնածուներն ու բողոքական զանգվածը միասին վերցրած: Նման զինամթերքով ու զորախմբով հեղաշրջում անելն անշուշտ ֆանտազիայի ոլորտից է, սակայն մարդկանց արթնացնել, փողոց հանել, այնպես անել, որ իրենց մասին խոսեն, իրենց արածը քննարկեն, «հեղափոխականներին» հաջողվեց: Անշուշտ, քննարկողներից ոչ բոլորն էին հիացած Շանթով ու նրա բանակով, կային նաև նրա «հեղափոխությունը» ծաղրողներ ու քննադատողներ, բայց այս ակցիան մի քանի «դրական» հետևանք, այնուամենայնիվ, ունեցավ: Նախ, ոստիկանությունն ինքնադրսևորվելու շանս ստացավ, մեր «քաջարի» ոստիկաններն այնպես էին պաշտպանում իշխանական «բաստիոնը», ասես հայրենի սահմանները պաշտպանելիս լինեին: Իսկ ի՞նչ արժեր ոստիկանության հաթաթա- հայտարարությունը՝ բոլորին պատժելու մասին: Սակայն եթե հումորը թողնենք մի կողմ, ապա երեկվա միջադեպը մի բանի մասին է հաստատապես վկայում, հանրությունը փոփոխությունների կարիք ունի:
Նա դժգոհ է իր գոյավիճակից, երկրի քաղաքական իշխանությունից և բոլոր հնարավոր, անգամ ամենաանհեթեթ եղանակներով, փորձում է ինչ-որ բան փոխել երկրռւմ: Այս անգամ չստացվեց, գուցե հաջորդն էլ անհաջող լինի, բայց վաղ թե ուշ մարդիկ գտնելու են հեղափոխություն անելու ճանապարհը, և այդ ժամանակ այլևս ոչ մի ոստիկանություն չի փրկրի:
Լուսանկարը՝ Photolure-ի










































