Վրաստանի հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեշտացրել է վրացական քաղաքացիություն ստանալու գործընթացն օտարերկրացի գործարարների ու քաղաքացիների համար:
«Վրաստանի քաղաքացիության տրամադրման համար վերջին շրջանում շատ մարդիկ են դիմում, իսկ Արդարադատության նախարարությունը մերժում է նրանց: Նրանց թվում կան այնպիսիները, որոնք երբեք չեն եղել Վրաստանի քաղաքացիներ, սակայն ցանկանում են դառնալ: Կան մարդիկ, ովքեր կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը, երբ դարձել են այլ երկրի քաղաքացի: Բացի այդ, վրացական քաղաքացիություն ցանկանում են ստանալ այն գործարարները, որոնք մտադիր են մեր երկրում ներդրումներ իրականացնել», – ասվում է նախագահի հայտարարությունում, որը հայտնվել է Facebook-ի նրա պաշտոնական էջում:
«Դրանից ելնելով՝ մենք որոշել ենք այդ մարդկանց Վրաստանի քաղաքացիություն տալ հեշտացված գործընթացով, որպեսզի մեր երկիրը առավելագույնս ներգրավվի արտաքին աշխարհի հետ ինտեգրման գործընթացին»,- ընդգծել է նախագահը:
Հաղորդագրությունում նշվում է, որ քաղաքացիություն ստանալ ցանկացողները պետք է դիմեն նախագահի աշխատակազմ և համապատասխան հայտ ներկայացնեն:









































