Այսօր 57 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը: 1977-ից պաշտոնավարող միության նախագահ Աստղիկ Գևորգյանը հրաժեշտ տվեց պաշտոնին։ Համագումարն անցավ բավական թեժ մթնոլորտում՝ բղավոցներով, դժգոհություններով, պահանջներով։
Սաթիկ Սեյրանյանը ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ամենն իր համար նորություն չէր, սպասելի էր, քանի որ ինքը տարիներ շարունակ այդ ամենին հետևել է կողքից և պատկերացնում էր՝ ինչ է կատարվելու։
Տիկին Սեյրանյանը նշեց, որ առաջնահերթ գույքագրում է կատարելու, որպեսզի հասկանա՝ ինչ կա և ինչից պետք է սկսել, ապա կոչ կանի լրագրողական համայնքի բոլոր ներկայացուցիչներին անդամակցել միությանը, որպեսզի խնդիրները լուծվեն համատեղ։
Ժուռնալիստների միության արդեն նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ արել է ամեն ինչ, ինչ կարող էր, իսկ հիմա հեռանում է արժանապատվորեն։ «Նոր նախագահը շատ լավ պատկերացնում է խնդիրները և կարող է անել այն, ինչ մենք չենք հասցրել անել»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը՝ տարիներ շարունակ Ժուռնալիստների միությունը համարվել է մեռած կառույց, Աստղիկ Գևորգյանն արձագանքեց. «Դրսից հեշտ է թվում»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































