Ամանորին հաշված օրեր են մնացել, և քաղաքացիները ամանորյա եռուզեռի մեջ են՝ գնումներից զատ փորձելով լուծել ամանորյա հանգստի հարցերը։ Ի դեպ, տարեցտարի մեծանում է Ամանորը Հայաստանից դուրս դիմավորելու տենդենցը։ Անկախ այս կամ այն վտանգից՝ համատարած ահաբեկչությունների վտանգից մարդիկ ամրագրում են ամանորյա փաթեթներ Հայաստանից դուրս։ Այս տարի ՀՀ քաղաքացիները ամենաշատ ամանորյա փաթեթներ ամրագրել են Եգիպտոսում և Թբիլիսիում։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասացին «Ջոյտուր» տուրիստական գործակալությունից։ Աշխատակցուհու խոսքերով՝ մարդիկ նախընտրում են Եգիպտոս ու Թբիլիսին, քանի որ ամենամատչելի տարբերակներն են։ Այլ՝ էկզոտիկ երկրներում Ամանորը դիմավորել ցանկացողներ կան, բայց շատ քիչ են, քանի որ այդ փաթեթները շատ ավելի թանկ են։ «Նախորդ տարվա համեմատ ոչ մի բան չի փոխվել։ Նույն կերպ մարդիկ նախընտրում են այս երկու երկիրը։ Միակ տարբերությունն այն է, որ այս տարի մարդիկ նախընտրել են ավելի վաղ ամրագրումներ կատարել։ Դեռ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մարդիկ արդեն ամանորյա ամրագրումներ էին կատարել։ Իսկ նախորդ տարի վերջին օրերին մարդիկ նոր մտածում էին՝ ուր գնալ, որտեղ ամրագրումներ կատարել»,- ասաց «Ջոյտուր»-ի աշխատակցուհին։
«Արարատ տուր» տուրիստական գործակալությունից էլ նշեցին, որ նախընտրելի երկրների թվում են Վրաստանը, Եգիպտոսը, Արաբական Էմիրությունները, Իտալիան, Մալդիվները։ Փաթեթների գներից մեզ տեղեկություն չտրամադրեցին՝ նշելով, որ դա կախված է նրանից, թե ինչ է ներառված փաթեթում։
Նշենք, որ այլ տուրիստական գործակալություներից ճշտեցինք, որ ամանորյա հանգիստը, օրինակ, Եգիպտոսում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը արժե 2000-2200, երբեմն նաև 2500 ԱՄՆ դոլար։ Այս գինը ներառում է ավիատոմս, դիմավորել, հյուրանոց, երեք անգամյա սնունդ, ապահովագրություն։ Արաբական Էմիրությունները մի քիչ ավելի թանկ է։
Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա անցած տարվա նախադեպից հետո մարդիկ մի քիչ ավելի զգուշավոր են։ Հիշեցնենք, որ անցած տարի տուրիստական ընկերություններից մեկը Թբիլիսիում գործող մի հյուրանոցում ամրագրումներ էր կատարել, մարդիկ դեկտեմբերի 31-ին գնացել էին, տեղ էին հասել և պարզվել էր, որ հյուրանոցում տեղ չկա, իսկ իբր ամրագրված համարները, վաղուց արդեն զբաղված են եղել։ Տուրիստական այդ ընկերությունից էլ ոչ ոք չէր պատասխանել։ Պարզվել էր, որ իսկական խարդախություն է կատարվել։ Հիմա մարդիկ մի քանի անգամ ճշտում են, համոզվում են, որ փողոցում չեն մնա և նոր միայն պատրաստվում են մեկնել։ Ամանորյա փաթեթը Թբիլիսիում՝ երկտեղանոց համարի չորս գիշերվա արժեքը սկսում է 500 ԱՄՆ դոլարից: Ընդ որում, այն հյուրանոցներում, որոնք տեղակայված են Թբիլիսիի կենտրոնական հատվածներում։ Իսկ եթե մի քիչ այլ թաղամասերում է հյուրանոցը և չի ներառում սնունդ, ապա 5 օրը կարելի է մնալ 60-70 հազար դրամով։
Ինչ վերաբերւոմ է Հայաստանի ներսում հանգստին, ապա փաթեթները վերը թվարկված երկրների համեմատ շատ ավելի բարձր են։ Միևնույն ժամանակ, սակայն, Ծաղկաձորում, Ջերմուկում, Դիլիջանում գտնվող հյուրանոցների բոլոր համարները վաղուց արդեն ամրագրված են։ Իսկ գները դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ի համար սկսվում է 800 հազար դրամից մինչև մեկ միլիոն յոթ հարյուր հազար, մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամ։ Գներն առաջարկվում են՝ շեշտադրելով ամանորյա գիշերվա գալա համերգը շոուբիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հայաստանյան հյուրանոցների մեծ մասում մեզ հետ զրույցում նշեցին, որ հունվարի 2-ին խաշ են մատուցելու։









































