Կարճաժամկետ հեռանկարում ամերիկյան տնտեսությունն ավելի արագ կաճի, քան սպասվում էր, բայց երկարաժամկետում դրան զգալի ռիսկեր են սպասվում:
Սովորաբար քաղաքական գործիչները ձևացնում են, որ իրենց չեն զարմացնում տնտեսական լավ լուրերն իրենց աշխատանքի ընթացքում: Բայց ԱՄՆ տնտեսական աճի մասին վերջին թվերն այնքան լավն են եղել, որ նույնիսկ Դոնալդ Թրամփի վարչակազմն է իրեն թույլ տվել զարմանալ:
«Աճն իրականում ավել է, քան մենք սպասում էինք»,- սեպտեմբերին ասել է Սպիտակ տանը բյուջետավորման ղեկավար Միք Մալվենին, երբ հայտնի դարձավ, որ ամերիկյան տնտեսությունը երկրորդ եռամսյակն անընդմեջ աճել է 3,1%-ով:
Այս մասին գրում է The Economist-ը՝ հշեցնելով, որ Թրամփն ընտրությունների ժամանակ խոստանում էր 4% աճ, բայց երևում է՝ հիմա նրա նպատակը 3%-ն է: Մալվենին զգուշացրել էր, որ փոթորիկները կարող են դանդաղեցնել աճը: Բայց դրա փոխարեն՝ երրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ն աճել է 3,3%-ով:
Տնտեսագետներից քչերն են սպասում, որ ԱՄՆ տնտեսության աճը երկար կմնա 3%-ից ավել մակարդակի վրա: Ոչ ոք չի կարող հերքել, որ ԱՄՆ տնտեսությունն առողջ վիճակում է:
Պարբերականը նշում է, որ Ամերիկայի զարմանալիորեն մեծ աճը մասամբ արտացոլում է համաշխարհային տնտեսության ուժը: Միջին վիճակագրական եկամուտն ԱՄՆ-ում այլևս լճացումից չի տառապում: 2015 թ. այն աճել է 5,2%-ով, 2016-ին՝ 3,2%-ով ինֆլյացիան հաշվի առնելուց հետո: Գործազրկությունն ԱՄՆ-ում 4,1% է կազմում:
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Դաշնային պահուստը հայտարարել է հիմնական տոկոսադրույքը 1,25%-ից մինչև 1,5% բարձրանալու մասին: Միաժամանակ, Դաշնային պահուստը կանխատեսում է, որ 2018 թ. 3 անգամ այդպիսի բարձրացում կգրանցվի: Բոլոր կանխատեսումներում նշվում է, որ գործազրկությունը հետագայում էլ կկրճատվի 2018 թ.:
Ամերիկայի երկարաժամկետ տնտեսական աճը մոտ կլինի 2%-ին, քան 3%-ին՝ ինչ էլ ասի Թրամփը: Եթե Դաշնային պահուստը տոկոսադրույքները ցածր սահմանի, ինֆլյացիան կաճի տնտեսության «գերտաքացման» հետևանքով:









































