Երեկ տեղեկություն տարածվեց, որ Մոսկվայի «Արարատը» ամենայն հավանականությամբ կդադարեցնի ելույթները Ռուսաստանի առաջնությունում: Ըստ ռուսական աղբյուրների՝ ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Ռուսաստանում հաջողությունների հասնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ:
Հայաստանում չեմպիոնության համար պայքարն ու Եվրագավաթներին մասնակցելն ավելի իրատեսական է: Հիշեցնենք, որ վերջերս «Արարատի» նախագահ էր ընտրվել «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Շատ է խոսվում, որ ռուսաստանաբնակ գործարարը ցանկանում է լուրջ ներդրումներ անել հայկական ֆուտբոլում: Մամուլում տեղեկություններ եղան, որ Կարապետյանը մտադիր է Հայաստանում հիմնել երկու թիմ՝ ներդնելով 10-ական միլիոն դոլար: Եվ ահա «Արարատի»՝ Հայաստանի առաջնությունում հանդես գալու հեռանկարը ավելի իրատեսական է դարձնում գործարարի մտադրությունները՝ կապված հայկական ֆուտբոլի հետ:
Քանի դեռ Մոսկվայի «Արարատը» պաշտոնապես հայտ չի ներկայացրել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում խաղալու, կարծում ենք՝ ճիշտ չի լինի խոսել մրցակցության և թիմերի որակների տարբերության մասին: Շատերը նման մտադրությունը արդեն իսկ համարում են ոչ պատեհ՝ վստահ լինելով, որ Հայաստանի առաջնությունը էական փոփոխության չի ենթարկվի: Ավելին, կարծիքներ են հնչում, որ խաղալով Հայաստանի չափազանց ցածր մակարդակի առաջնությունում՝ «Արարատի»՝ կարգով ավելի բարձր ֆուտբոլիստներն ուղղակի կդեգրադացվեն: «Արարատի» Հայաստան տեղափոխվելու վերաբերյալ խոսակցություններ և քննարկումներ դեռ շատ կլինեն:
Տեղի ունեցող զարգացումների մեջ գլխավորը ոչ թե հնարավոր հետևանքներն են, այլ երևույթը: Ուժեղ և կայացած ֆուտբոլային ակումբով հայկական ֆուտբոլ մուտք գործելը կարելի է կարևորագույն իրադարձություն որակել: Կարճ ժամանակահատվածում «Արարատին» հաջողվել էր դառնալ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների սիրելի թիմը: «Արարատի» խաղերը մեծ հետաքրքրություն էին առաջացրել նաև Հայաստանում, քանզի Երևանի «Արարատը» և հայկական մյուս 5 ակումբները ծանր վիճակում են գտնվում:
Վերջին 10 տարիներին հայկական ֆուտբոլում որևէ լուրջ ներդրում չի արվել: Հայաստանի ազգային հավաքականն էլ վերջին շրջանում, մեղմ ասած, անհաջող է ելույթ ունենում ընտրական փուլերում: Ֆուտբոլասերի միակ ուրախությունն այսօր Հենրիխ Մխիթարյանն է: Կարճ ասած՝ «Արարատի» մուտքը Հայաստան էապես կփոխի այս դժգույն իրավիճակը:
Խոսելով «Արարատի»՝ Հայաստան տեղափոխվելու դրական կողմերի մասին՝ կարող ենք առաջին հերթին նշել ուժեղ թիմ ունենալու բանաձևը, որով առաջնորդվում են շատ երկրներ: Օրինակ՝ Կիպրոսի ԱՊՕԵԼ-ը, Ղազախստանի «Աստանան», Բելառուսի ԲԱՏԷ-ն, վերջապես՝ Ադրբեջանի «Ղարաբաղը»: Թվարկված երկրների ազգային հավաքականները կարգով զիջում են Հայաստանի հավաքականին: Ունենալով բարձրակարգ թիմեր՝ այս երկրները եվրոպական ֆուտբոլում ունեն իրենց տեղը: Օրինակ՝ ԲԱՏԷ-ի շնորհիվ Բելառուս են ժամանել այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Բարսելոնան», «Բավարիան», «Միլանը», «Արսելանը» և էլի բազմաթիվ հեղինավոր թիմեր: Այս տարի ԲԱՏԷ-ն 12-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Բելառուսի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում այս տարի ԲԱՏԷ-ն պայքարից դուրս թողեց «Ալաշկերտին»: Չհաջողվելով դուրս գալ Չեմպիոններ լիգային խմբային փուլում՝ ԲԱՏԷ-ն այս տարի ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում: Ինչևէ, ուժեղ ակումբ ունենալու գաղափարը հնարավոր է ստիպի այլ գործարարների ունենալ թիմ Հայաստանի առաջնությունում, ինչը կստեղծի մրցակցություն:
Ուժեղ թիմ ունենալու գաղափարի գլխավոր դրական գործոնը ֆուտբոլասերին մարզադաշտ վերադարձնելն է: Տարբեր սոցիալական կայքերում այսօր էլ կարծիքներ են հնչում, որ «Արարատի» ղեկավարները պատրաստվում են թիմը դարձնել սուպեր-ակումբ, որն ի զորու կլինի մարտահրավեր նետել Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղին»: «Արարատը» Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի առաջատարն է և երկրորդ տեղում ընթացող «Ռյազանի» նկատմամբ ունի 13 միավորի առավելություն: Առաջնությունն առաջին տեղում ավարտելու դեպքում «Արարատը» կստանա առաջին դիվիզիոնի ուղեգիր: Ռուսաստանի առաջին լիգայում հանդես գալը, ինչ խոսք, ֆինանսական էլ ավելի լուրջ միջոցներ կպահանջի, իսկ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղալու հեռանկարի մասին այսօր մտածելը, կարծում ենք, ճիշտ չի լինի:
Կարճ ասած, Ռուսաստանում խաղալով, «Արարատի»՝ եվրոպական ասպարեզ դուրս գալը, մեղմ ասած, իրատեսական չէ և ֆինանսական ահռելի միջոցներ է պահանջում: Եթե կա ֆուտբոլասերներին միավորելու և ուժեղ ակումբ ունենալու մտադրություն, ապա «Արարատի» ղեկավարության որոշումը հասկանալի է և հիմնավոր:





































