2018 թվականին սոցիալական ոլորտի հատկացումները նվազելու են շուրջ 362 միլիոն դրամով: Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց վիճակը գնալով վատանում է, բայց կառավարությունն այդ ոլորտի հատկացումները կրճատում է:
«Շարունակաբար մենք ականատես ենք լինելու, որ ժողովրդի սոցիալական վիճակը վատթարանում է, եթե կա մեկն այստեղ, որ կարող է հերքել, ես կպնդեմ, որ այդ մարդը ոչ թե Հայաստանում ապրում է, այլ գտնվում է: Ինչպե՞ս է ստացվում, որ սոցիալական վիճակի վատթարացմանը զուգընթաց՝ սոցիալական ոլորտի ծախսերը նվազում են: Արդյոք այս մոտեցումը չի՞ հակասում Սահմանադրությանը՝ համաձայն որի՝ Հայաստանը սոցիալական պետություն է, և Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն է»,-հայտարարեց Գ. Պետրոսյանը:










































