Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրը նշանավորվեց բավական տգեղ միջադեպով: Գյումրիի քաղաքային մարզադաշտում գործող չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, արձագանքելով գյումրեցի երկրպագուների հայհոյանքներին, ինքը հնչեցրեց հայհոյանք, ինչի հետևանքով «Շիրակ» ակումբի աշխատակիցներից մեկը հարվածեց նրան:
Ըստ «Ալաշկերտ» ակումբի պաշտոնական հայտարարության՝ ամբողջ հանդիպման ընթացքում «Շիրակի» երկրպագուները հայհոյանքներ են հնչեցրել Աբրահամ Խաշմանյանի հասցեին և քարեր նետել ալաշկերտցիների պահեստային նստարանի ուղղությամբ: Գյումրեցի երկրպագուներին դուր չի եկել, որ մրցակցի գլխավոր մարզիչն ամբողջ խաղի ընթացքում ակտիվ ցուցումներ է տվել իր ֆուտբոլիստներին: Այն բանից հետո, երբ «Ալաշկերտը» վերջին րոպեին հաղթանակ է կորզել, կրքերը էլ ավելի են թեժացել, իսկ հանդիպման ավարտից անմիջապես հետո «Շիրակի» աշխատակիցներից մեկը, ով հանդիպման ընթացքում նստած է եղել պահեստայինների նստարանին, հարվածել է Աբրահամ Խաշմանյանին:
«Ալաշկերտ» ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը Football365.am-ին տված հարցազրույցում նշել է, որ Խաշմանյանը պատասխանել է երկրպագուներին, քանզի նրան, այսպես ասած, մայր են հայհոյել: «Յուրաքանչյուր հայ տղամարդ իրավունք ունի նման իրավիճակում պատասխան տալու: Իրավունք չունեն՝ ուզում է երկրպագու լինի, ուզում է մարզիչ: Ինչ է նշանակում մարզչին մայր հայհոյել»,- ասել է Նավոյանը:
Շատերը, հնարավոր է, համաձայն չլինեն, բայց մարզադաշտի տրիբունաներում հայհոյանքների տարափը ֆուտբոլում սովորական դարձած երևույթ է: Դեռևս խորհրդային տարիներին է ի հայտ եկել «ապեր, բալետ չես եկել» հայտնի արտահայտությունը: Այն հնչում էր, երբ մարզադաշտում հայհոյելու համար դիտողություն էր արվում: Եվ իսկապես, մարզադաշտը համերգասրահ չէ: Ֆուտբոլը միավորում է հասարակության տարբեր շերտերին: Միևնույն ակումբին երկրպագում են թե՛ ինտելիգենցիայի ներկայացուցիչները և թե՛ խուլիգանները: Ռուսաստանի առաջնության հանդիպումներում վիրավորական արտահայտությունները և վիրավորանքները դիմակայության բաղադրիչներից են:
Տարիներ շարունակ Հայաստանի առաջնության հանդիպումներին մարզադաշտում ներկա են գտնվում մի քանի տասնյակ, լավագույն դեպքում մի քանի հարյուր երկրպագուներ: Մարզադաշտ եկածների կեսը ֆուտբոլիստների բարեկամներն են: Խաղերն այնքան անհետաքրքիր են, որ հանդիպման ընթացքում հստակ լսելի են ֆուտբոլիստների ու մարզիչների ցուցումները: Չկա ֆուտբոլ՝ չկա, երկրպագու, չկա հայհոյանք: Գյումրին այս առումով մի կղզի է հայկական ֆուտբոլում:
«Շիրակը» այս ծանր պայմաններում միավորում է հասարակության մի հատվածին, ինչը բնականաբար դրական երևույթ է: Ժամանակին Հայաստանի մասշտաբով մեծ թվով երկրպագուներ էին գնում Կապանի մարզադաշտ՝ աջակցելու «Գանձասարին»: Հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ հնչում էին նաև Կապանում: Ինչ խոսք, հայհոյանքների տարափը տգեղ երևույթ է, բայց… Այս երևույթի դեմ ոչինչ անել հնարավոր չէ: Այլ հարց է, երբ հայհոյանքը անցնում է, այսպես կոչված, չափն ու սահմանը:
Աբրահամ Խաշմանյանը մեր երկրում եթե ոչ լավագույն, ապա լավագույն մասնագետներից մեկն է: Եթե իրավիճակին նայենք զուտ օրենքի և պրոֆեսիոնալիզմի աչքով, Խաշմանյանը չպետք է արձագանքեր հնչած վիրավորական արտահայտություններին: Բայց ցանկացած պրոֆեսիոնալ մասնագետ առաջին հերթին մարդ է, որը կարող է հունից դուրս գալ: Ինչպես նշել էր Բագրատ Նավոյանը, ցանկացած հայ տղամարդ իրավունք ունի մոր հասեցին հնչած հայհոյանքի դեպքում պատասխան տալու:
Նավոյանի հայտարարությունը, ինչպես նաև մարզադաշտում տեղի ունեցած զարգացումները վկայում են, որ միջադեպի գլխավոր պատճառը «Ալաշկերտի» մարզչին մայր հայհոյելն է: Միջադեպի ժամանակ Խաշմանյանին հարված հասցրած «Շիրակ» ակումբի աշխատակցի պահվածքը ևս անընդունելի և դատապարտելի է: Բայց կրկին անգամ պետք է նշել, որ ցանկացած մասնագետ առաջին հերթին մարդ է:
Առկա իրավիճակում ամենևին ընդունելի չեն մասնավորապես «Շիրակ» ակումբի հասեցին հնչեցված մեղադրանքները: Թե՛ «Շիրակի» և թե՛ «Ալաշկերտի» սեփականատերերն այսօր լուրջ միջոցներ են ներդնում ստեղծված խայտառակ պայմաններում թիմ պահելու և ֆուտբոլը զարգացնելու համար: Այսօր մնացել են 6 թիմ, և ամենևին ցանկալի չի լինի, եթե կողմերի հարաբերությունները սրվեն: Ֆուտբոլ է, և նման երևույթներ պարբերաբար լինելու են, եթե կա մրցակցություն:
Առկա իրավիճակում կարևոր է նաև, որպեսզի Ֆուտբոլի ֆեդերացիան մեղմ վճիռ կայացնի: Որակազրկելով Խաշմանյանի պես մասնագետին կամ զրկելով գյումրեցիներին մարզադաշտ հաճախելուց՝ առաջին հերթին կտուժի հայկական ֆուտբոլը:







































