ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ հաշվետվության համաձայն՝ Վրաստանում նախագահական ընտրությունների ներկայիս քարոզարշավը ավելի հանգիստ է անցած տարվա խորհրդարանական ընտրությունների համեմատ, հաղորդում է RIA Novosti-ն:
«Վրաստանի կառավարությունը հայտարարել է բյուջեի միջոցներն օգտագործելու մտադրության մասին՝ ազատ և արդար նախընտրական քարոզարշավ ապահովելու համար: Չնայած դրան քարոզարշավն ընթանում է լարված համագոյակցության ֆոնին իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի, «Ազգային միասնական շարժում» խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության և կուսակցական առաջնորդների միջև»,- ասվում է հաշվետվությունում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ խորհրդարանական ընտրություններից (2012թ. հոկտեմբեր) առաջ ընկած ժամանակահատվածի համեմատ ԶԼՄ-ներն ավելի քիչ բևեռացված են: ԵԱՀԿ դիտորդական առաքելության կարծիքով՝ լրագրողները քաղաքական իրադարձությունները լուսաբանում են ավելի չեզոք դիրքորոշումից, սակայն դեռևս նշմարվում է վերլուծաբանական ռեպորտաժների պակաս: