Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահական ընտրությունների նախնական տվյալների հրապարակումից հետո շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին, որոնք վստահել են իրեն՝ քվեարկելով իր օգտին:
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Ալիևը հավաքել է ձայների 84.72%-ը՝ 72% ընտրատեղամասերի տվյալների մշակման արդյունքում: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլին (5.18%):
«Ես շնորհակալ եմ հարազատ ժողովրդից, ով մեծ վստահություն ցուցաբերեց իմ հանդեպ և կրկին ընտրեց նախագահի պաշտոնում: Ցանկանում եմ ադրբեջանցի ժողովրդին հավաստիացնել, որ կշարունակեմ արժանի կերպով ծառայել ժողովրդիս, միշտ կպաշտպանեմ Ադրբեջանի պետական շահերը»,- ասվում է նախագահի ուղերձում, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
Նա տեղի ունեցած ընտրություններն անվանել է «ժողովրդավարության հաղթանակ»:
«Ադրբեջանում առկա են բոլոր ազատությունները: Ադրբեջանը կշարունակի հաջող կերպով զարգանալ որպես ժողովրդավարական պետություն»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքերով՝ այս ընտրություններում ադրբեջանցիները բարձր գնահատական են տվել վերջին տասը տարվա աշխատանքին:








































