Համացանցում հայտնվել է օլիմպիական կրակը վաճառելու մասին հայտարարություն: Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, նման կերպ որոշել է գումար վաստակել դպրոցական Տիմուր Ռահիմզյանովը՝ Ռուսաստանի Վլադիմիրի մարզից, ով մասնակցելու է 21-րդ ձմեռային խաղերի կրակի փոխանցմանը:
«Յուրաքանչյուրը կունենա իր ջահը: Եվ եթե ես չեմ սխալվում, դա կլինի անվանական: Եթե ջահակիրը ցանկանա, ապա վազքի ավարտից հետո նա կարող է գնել այն որոշակի գումարով: Այդ դեպքում ջահը կմնա նրա մոտ»,- ասել է Տիմուրը և հավելել, որ նա արդեն գնել է այն:
Համացանցային աճուրդի միջոցով տղան նախօրոք սկսել է փնտրել պոտենցիալ գնորդի: Ջահի մեկնարկային գինը եղել է 500 դոլար: Տիմուրը հավատացած է եղել, որ այն կբարձրանա մի քանի անգամ: Մի քանի օր անց տղան ստիպված է եղել համացանցից հեռացնել հայտարարությունը քննադատությունների պատճառով: Բացի այդ, ջահը դեռ նրա մոտ չի եղել. նա փոխանցմանը մասնակցելու է հոկտեմբերի 16-ին:
Տղան այժմ վստահ չէ՝ կվաճառի՞ հետագայում ջահը, թե՞ ոչ: Նա խոստովանել է, որ ստացված գումարը ցանկացել է ծախսել ոչ թե նորաձև սարքերի վրա, ինչպես գրել են որոշ ԶԼՄ-ներ, այլ ուսման:










































