Երկու օր է՝ համացանցում քննարկվում է Էրեբունի վարչական շրջանի բիլիարդ բարերից մեկում տեղի ունեցած քաղաքացուն պատանդ վերցրած տղամարդու՝ դիպուկահար կրակոցով վնասազերծման քայլը: Շատերը հարց էին բարձրացնում՝ 24-ամյա աղջկան պատանդ վերցրած երիտասարդին հնարավոր չի՞ եղել համոզել, ու միակ ելքը դիպուկահարի կրակո՞ցն էր, միակ ելքը կյանքը խլե՞լն էր, արդյո՞ք համակարգում կան այնպիսի հոգեբաններ, որոնք տարել են այդ աշխատանքը, արդյո՞ք ուժի կիրառումը միակ ելքն էր։ Համացանցում հակասական են կարծիքները՝ ոստիկանությանը պախարակելուց մինչև գովասանք:
https://www.youtube.com/watch?v=EusFqPYlvFI&feature=youtu.be
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանության գործողությունները եղել են օրինաչափ: «Օրինաչափ է, ճիշտ է, ողջունել է պետք, և այստեղ որևէ քննադատության առիթ չկա, քննադատելու փոխարեն ողջունել է պետք: Իսկ ի՞նչ անեին, կարող էր այդ աղջկան նույնիսկ սպանել, եթե մարդու կյանքին վտանգ է սպառնում, իսկ ի՞նչ պիտի անեին»,- ասաց նախկին ոստիկանապետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ իր՝ ոստիկանապետ եղած տարիներին էլ եղել են նման գործողություններ, և առհասարակ նման գործողություններ շատ-շատ են եղել. «Եկեք չթվարկեմ, բայց շատ-շատ են եղել: Հենց այդ պահին ոստիկանությունը որոշում է կայացնում՝ ինչ միջոցներ կիրառել: Եթե արդեն ծայրահեղ աստիճան է, և որևիցե հույս չկա կանխելու, բնականաբար, կտրուկ միջոցն արդարացված է»,- ասաց նախկին ոստիկանապետը:
ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրավիճակին ծանոթ չէ, կադրերը դեռ չի հասցրել դիտել: «Պետք է ոչ թե 100, այլ 180 տոկոսով համոզված լինես, որ ուրիշ այլ ելք չկար կանխելու, նոր պետք է դիմես նման միջոցի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:
«Ամեն դեպքում նման դեպքեր առաջին անգամ չէ, որ լինում են»,- ասաց Սուրեն Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ստեղծվել է քննչական խումբ, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, տոքսիկաքիմիական և ապրանքագիտական փորձաքննություններ։









































