Հայաստանի ազգային հավաքականի «Առաջին Հայկական Ճակատ» FAF երկրպագուների ֆան-շարժումն այսուհետ պաշտպանված կլինի իրավաբանորեն։
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հուշագիր ստորագրվեց Եվրոպական իրավաբանական ծառայության և FAF-ի միջև։
ԵԻԾ տնօրեն Սերգեյ Աբելյանը, խոսելով կազմակերպության գործունեության մասին, ասաց․
«Մեր կազմակերպությունը գործունեություն է ծավալում արդեն մոտ 6-7 տարի։ Առաջին ծրագիրը, որն իրականացվել է, եղել է ՌԴ-ում՝ «Մարզադաշտը մեր բոլորիս տունը» խորագրով, որի շրջանակում ԵԻԾ-ը իրավաբանական աջակցություն է ցույց տվել երկրպագուներին։
Մենք FAF-ին առաջարկեցինք մեր իրավաբանական աջակցությունը և ստացանք դրական պատասխան, որպեսզի իրենց շահերը պաշտպանվեն իրավաբանների կողմից, քանի որ պարբերաբար հայտնվում են պետական ատյաններում։ Որոշում կայացվեց կազմել հուշագիր համագործակցության մասին, որի շրջանակում մենք տղաներին իրավաբանական աջակցություն ենք ցուցաբերելու Հայաստանում և դրա սահմաններից դուրս, ինչպես նաև մասսայական տարբեր միջոցառումների ժամանակ։
Առաջին խաղը Ռումինիայում է։ Այդ խաղի համար արդեն իսկ աշխատանքներ կատարել ենք»։
FAF-ի ղեկավար Սերգեյ Ջանջոյանը, խոսելով մինչ այս տեղի ունեցած խնդիրների մասին, ասաց․
«Միտքը ծագեց, քանի որ վերջին 3-4 տարիներին պարբերաբար մեծ խնդիրների էինք բախվում մարզդաշտերում և դրանից դուրս։ Վերջին օրինակը մոտ 2 ամիս առաջ էր. հարձակում տեղի ունեցավ հայ երկրպագուների վրա Մոնտենեգրոյում և մեր տղաներից մի քանիսը հայտնվեցին հիվանդանոցում և ոստիկանական բաժանմունքում և չգիտեինք, թե ում դիմել։ Խնդրի առաջ կանգնեցինք։
Խնդիրներ ծագեցին նաև այս տարի՝ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում՝ «Ալաշկերտի» խաղում։ Մարզադաշտ էինք գնացել մեր թիմին աջակցելու համար։ Խաղի ընթացքում մեզ է մոտենում ոստիկան և «Ալաշկերտի» մարզահագուստով ինչ-որ մեկը և ասում , որ FAF-ի պաստառը պետք է հանել, այն պարագայում, երբ բոլոր խաղերում մեր պաստառը լինում է։ ԵԻԾ-ի հետ համագործակցության արդյունքում, հուսով եմ, որ կկարգավորենք այս հարցերը»։









































