Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին հաջորդ շաբաթ կայցելի ԱՄՆ, որտեղ բանակցություններ կունենա նախագահ Բարաք Օբամայի հետ Սիրիայի հարցով իրաքյան խաղաղ կարգավորման նախաձեռնության և Սիրիայի ընդդիմությանը զենքի մատակարարումները դադարեցնելու շուրջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իրաքի խորհրդարանի պատգամավոր Մուհամադ Ալ-Սայհուդին:
«Նուրի Ալ-Մալիքին ԱՄՆ-ին կառաջարկի դադարեցնել զենքի մատակարարումները սիրիական ընդդիմությանը, որը հայտնվում է «Ալ-Քաիդա»-ի գրոհայինների ձեռքերում և օգտագործվում է սիրիացի ժողովրդի և Իրաքի վրա հարձակման համար»,- ասել է պատգամավորը:
Նրա խոսքերով՝ Իրաքում սխալ են համարում ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, այն Մերձավոր Արևելքում հանգեցրել է մեծ ցնցումների:
Նախաձեռնությունը, որն առաջ է քաշել Ալ-Մալիքին, ենթադրում է կրակի անհապաղ դադարեցում Սիրիայի ամբողջ տարածքում, հակամարտող կողմերին զենքի մատակարարումների դադարեցում և երկրից արտասահմանցի գրոհայինների դուրսբերում:










































