«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երուսաղեմի Հայոց պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, Պատրիարքության պաշտոնական մամլո խոսնակ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը
– Սրբազան, Դուք մասնակցեցիք Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողովին, որտեղ երկու հիմնական հարց քննարկվեց՝ մկրտության և սրբադասման հետ կապված: Ինչպե՞ս եք գնահատում դրա արդյունավետությունը:
– Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ կարծիքս շատ դրական է, քանի որ պատմական ժողով էր՝ 1441 թվականից ի վեր առաջին միացյալ ժողովն էր, և այս առումով լավատես ենք դեպի ապագան:
– Ինչպե՞ս եք գնահատում ընդունված որոշումները:
– Երկու-երեք կարևոր որոշումներ ընդունվեցին. մեկը, իհարկե, մկրտության խորհրդի բնագրի եռատեսությունն է, որ ժամանակի ընթացքում պիտի հրապարակվի և կաթողիկոսների կողմից վավերացվի, երկրորդը սրբադասման հարցն էր: Այս հարցի վերաբերյալ բավական քննարկումներ եղան, և որոշվեց երկու քայլ անել, մեկը՝ հավաքական նահատակների սրբադասումը, իսկ երկրորդը՝ անհատական և խմբային սրբադասում, այսինքն՝ անհատներ, ովքեր Ցեղասպանության ընթացքում ուղղակի իրենց քրիստոնեական հավատքի համար նահատակվեցին: Այս երկրորդը պետք է դեռ ուսումնասիրվի հանձնաժողովի կողմից և հետագայում ներկայացվի Եպիսկոպոսաց ժողովին:
– Ի՞նչ եք կարծում՝ եթե Երուսաղեմի պատրիարքը չմասնակցեց, հնարավո՞ր է, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար պարտադիր չլինեն այս ժողովի ընդունած որոշումները:
– Ես այդ հնարավորությունը չեմ տեսնում, որովհետև սրանք ամբողջ հայ եկեղեցու համար արված որոշումներ էին, և Երուսաղեմի պատրիարքը չմասնակցեց հատուկ պատճառով:
– Այդ հարցը չքննարկվե՞ց արդյոք այս օրերի ընթացքում, արդյոք Երուսաղեմի խնդիրները կամ Ֆրանսիայի խնդիրները չքննարկվեցի՞ն, թե՞ կոնկրետ մկրտության ու սրբադասման հարցերը քննարկվեցին միայն, և հավելյալ հարցերի ժամանակ չմնաց:
– Քանի որ նախապես որոշված էին օրակարգի հարցերը, ժողովը այդ հարցերի քննարկմամբ սահմանափակվեց: Երուսաղեմի պատրիարքի և Նորվան սրբազանի հարցերը խնդրո առարկա չեղան:









































