Երևանի քադաքապետարանում երեկ կայացել է ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի ձևավորման և դրա կիրառման հարցը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը: Դրա ընթացքում որոշվել են այն չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանեն քաղաքի երթուղիներում իրականացվող ուղևորափոխադրումները: Այսինքն՝ նպատակ է դրվել նախ որոշել, թե ինչպիսի սպասարկում ենք ակնկալում, իսկ հետագա նիստերի ընթացքում արդեն որոշել դրա արժեքը:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ իրականում, սակայն, ավելի քան երկու ժամ տևած քննարկումներն ու մտքերի փոխանակումներն, ըստ էության, ժամանակի կորուստ են եղել, որովհետև նիստի ավարտին հանձնաժողովի անդամների կողմից ընդունվել են այն բոլոր չափորոշիչները, որոնք հանձնաժողովի նախագահ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հնչեցրել է հենց սկզբում:
«Ի դեպ, նիստի մեկնարկից առաջ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը որոշած է եղել անպայման նստել հանձնաժողովի նախագահին ամենամոտը գտնվող աթոռին: Դրա համար մոտեցել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին ու հայտարարել, թե դա իր տեղն է՝ խնդրելով տեղափոխվել: Ինչպես մեր թղթակիցն է պարզել, այս հանձնաժողովում տեղաբաշխում չկա: Կորյուն Աթոյանը բնականաբար սուսուփուս վեր է կացել, այդ տեղը զիջելով «տիրոջը»»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:









































