Այս տարի Եվրամիության բյուջեն կունենա 20 միլիարդ եվրոյի ճեղքվածք, և միության անդամ երկրների մի շարք բյուջետային հատկացումներ կտեղափոխվեն հաջորդ տարի: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն, այս մասին գրում են բելգիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով անանուն եվրոպական աղբյուրին:
Աղբյուրի խոսքերով՝ այդ խնդիրը քննարկվել է Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի ներկայացուցիչների խորհրդակցությանը: Եվրահանձնաժողովը հաղորդել է, որ գումարի չափը, որոնք ԵՄ անդամ պետությունները ակնկալում են ստանալ մինչև տարեվերջ, կազմում է 50 միլիարդ եվրո՝ այն դեպքում, երբ ԵՄ-ի դրամարկղում այս նպատակների համար կա ընդամենը 30 միլիարդ եվրո:
Նման անհամապատասխանությունը կարող է սրել Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի միջև հարաբերությունները միության բյուջեի հարցով: Պատգամավորները դժկամությամբ և նախնական կարգով համաձայնել են նվազեցնել 2014-2020թթ. բյուջեի պլանը, ինչը պնդում էին ԵՄ երկրների կառավարությունները:
Նշենք, որ Եվրահանձնաժողովը 2014-2020թթ. բյուջեի նախագծի վերաբերյալ վերջնական հայտարարությամբ հանդես կգա Ստրասբուրգում՝ սեպտեմբերի 21-24-ի նիստի շրջանակներում:









































