«Առաջին լրատվական»-ի սեպտեմբերի 9-ին հրապարակած «Բուդաղյանները պատրաստվում են վրեժի» հոդվածից հետո ՊՆ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Հիշեցնենք, որ նշված հրապարակման մեջ Բուդաղյանների ազգականները, խոսելով Սուրեն Խաչատրյանի որդու ազատ արձակման մասին, նշել էին. «Ասում են՝ Լիսկան չորս միլիոն դոլար է տվել դատախազին՝ իր տղային ազատ արձակելու համար»:
Այս ընթացքում Բուղադյաններին մտերիմ մեր աղբյուրներից փորձեցինք ճշտել, թե որքանով է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ այդ մասին Facebook-ի գրառումներից և ասեկոսեների միջոցով են իմացել:
Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Էմիլ Բուդաղյանը, անդրադառնալով 4 մլն դոլար կաշառքի մասին լուրերին, նշել է, որ նման բան չի կարող ասել, որովհետև այդ մասին ոչինչ չգիտի: «Ես դրանցից տեղյակ չեմ, դրա համար դրանցից խոսել չեմ կարող»,- ասել է նա:









































