Ուրբաթ անհայտ անձինք Կոսովոյի Կոսովսկա-Միտրովիցա քաղաքում՝ «Տելեկոմ» ընկերության մոտ, գործի են դրել պայթուցիկ սարք, զոհեր և տուժածներ չկան:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05.00-ին Բոշնյաչկա Մախալա թաղամասում, որտեղ բնակվում են ինչպես սերբեր, այնպես էլ ալբանացիներ: Ենթադրվում է, որ նռնակ է նետվել «Տելեկոմ»-ի մոտ գտնվող դատարկ տան մեջ: Շինությունը շատ չի վնասվել:
Դեպքի վայր են ժամանել Կոսովոյի ոստիկանության աշխատակիցներ և Օրենքի գերակայության ու կարգուկանոնի ոլորտում ԵՄ առաքելության (EULEX) աշխատակիցները:
Վերջին 24 ժամվա ընթացքում սա արդեն երկրորդ լուրջ պատահարն է Կոսովոյի հյուսիսում: Հինգշաբթի անհայտ անձինք կրակ էին բացել EULEX առաքելության երկու պարեկային ավտոմեքենաների վրա, որի հետևանքով զոհվել է առաքելության աշխատակիցներից մեկը:









































