Հայաստանի տնտեսությունը գոյատևում է թելից կախված: Այս մասին կհավաստի ցանկացած քիչ թե շատ «ինքնուրույն» գործարար, որը չունի իշխանական հովանավորություն, որը ոչ մի օլիգարխի ենթակայությամբ կամ կից չի գործում, որը փորձում է Հայաստանում արդյունք ստեղծել կամ ստանալ առավելապես սեփական աշխատանքով և մտքի արգասիքով:
Օլիգարխիկ տնտեսությունը, իհարկե, թելից կախված չէ, քանի որ օլիգարխների գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում, անշուշտ, պատգամավոր և պաշտոնյա օլիգարխները, իրենց անձնական բիզնեսների արտասահմանյան երաշխիքներ են ապահովել՝ կապիտալի հիմնական, իսկ շատերի դեպքում՝ արդեն մեծ մասը արտահանելով Հայաստանից և ներդրումներ անելով այլ երկրներում՝ Աֆրիկայի, Արևելյան Եվրոպայի, բնականաբար, Ռուսաստանում, ինչ-որ չափով՝ ԱՄՆ-ում և արևմտաեվրոպական երկրներում, սակայն այս սեգմենտը, ըստ էության, արդեն կապ չունի Հայաստանի վիճակի հետ կամ կապ ունի այնքանով, որ այս վիճակի գլխավոր պատասխանատուն է: Այս սեգմենտը ինքն իր փողերն արդեն ապահովագրել է արտասահմանում և պետությունն ընդամենը ծառայեցնում է որպես հավելյալ տանիք անձնական բիզնեսների համար: Արդյունքում պետությունը՝ որպես այդպիսին, որպես ֆունկցիոնալ կառույց, դադարել է գոյություն ունենալուց, այսինքն՝ պետություն չէ այլևս, այլ ծածկ: Հետևաբար պետության մյուս բաղկացուցիչը, անվտանգության երաշխիքը՝ տնտեսությունը, հասել է սնանկության, կախվել է թելից:
Օլիգարխիկ սեգմենտի տնօրինածը իր իսկ գրպանում էլ հայտնվում է՝ մի գրպանից դուրս գալիս և մտնում մյուս գրպանը՝ ընթացքում մի քանի այլ գրպաններ դատարկելով հասարակությունից: Մյուս կողմից, սակայն, այս սեգմենտը հասկանում է, որ եթե պետությունը որպես տանիք քանդվի, ապա քանդվելու է իր գլխին: Այդ իսկ պատճառով, գոնե նվազագույնը պահելու համար, ինչ-որ բաներ անում են: Եվ այդ բաներից մեկն էլ, բնականաբար, Մաքսային միություն մտնելն էր, քանի որ Արևմուտքը Հայաստանին ֆինանսապես աջակցելու համար պահանջում է երաշխիքներ ռեֆորմների տեսքով: Իսկ դա նշանակում է պետությանը պետության դեր տալ, ինչին օլիգարխիկ իշխանությունները պատրաստ չեն: Մաքսային միությունում նման պահանջներ չկան: Սակայն Մաքսային միությունում էլ ֆինանսներ չկան: Այն խոստումները, որ սեպտեմբերի 3-ին տրվել են Հայաստանին՝ իբր ներդրումների համար, իրականում մնալու են թղթի վրա, որովհետև Պուտինը դեռևս անցյալ տարի օգոստոսին Սերժ Սարգսյանին ընդունելով Մոսկվայում՝ հստակ ակնարկել և ցույց էր տվել, որ Ռուսաստանը Հայաստանին իր ֆինանսական աջակցություն է համարում այն մեկ միլիարդ դոլարը, որ տրանսֆերտների տեսքով տարեկան գալիս է Երևան: Անցյալ տարի օգոստոսին էլ Սերժ Սարգսյանը գնացել էր Պուտինից ֆինանսական օգնություն բերելու, սակայն Պուտինը հիշեցրեց, որ Հայաստանից միգրանտները մոտավորապես մեկ միլիարդ դոլարից ավելի տրանսֆերտ են տարեկան ապահովում Հայաստանի համար: Այսինքն՝ Պուտինը ակնարկեց հստակ. սա է մեր օգնությունը ձեզ, որ թույլ ենք տալիս մեզ մոտ աշխատել և գումար ուղարկել Հայաստան, ավելին չուզեք: Ավելին՝ Ռուսաստանը չի էլ կարող տալ, քանի որ Ռուսաստանի տնտեսությունն ինքը լուրջ ներդրումների կարիք ունի: Այս մասին նախօրեին ՌԴ էկոնոմիկայի նախարարն էր բառացիորեն հայտարարել Պետդումայում՝ ասելով, որ տնտեսական վիճակը 2008-ից ի վեր ավելի ծանր չի եղել, քան այսօր:
Այնպես որ Մաքսային միության տնտեսական պտուղների մասին հայտարարությունները պարզապես հեքիաթներ են, որոնք, սակայն, նույնիսկ երեխաներին հետաքրքիր չեն լինի: Իսկ իրականությունն այն է, որ արտերկրից այլևս ոչ ոք չի ուզում ֆինանսավորել օլիգարխիայի տանիքի կարգավիճակում հայտնված պետությունը, և օլիգարխիան ստիպված է գումարներ հանել սեփական գրպանից, որպեսզի տանիքը չփլվի: Սակայն այստեղ էլ նրանց ներքին կռիվն է, թե ում գրպանից պետք է դուրս գան այդ գումարները:









































