«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով իշխանությունները մտադիր են Երկրապահ կամավորական միությունը հանձնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, այսինքն՝ նրան նշանակել ԵԿՄ նախագահ:
Բանն այն է, որ թեև ԵԿՄ գործող նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը մոտ օրերս դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նրա առողջական վիճակը չի կարգավորվել: Հիշեցնենք, որ նա ամռանը վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում, բայց Հայաստան վերադառնալուց հետո կրկին վատացել և հիվանդանոց էր տեղափոխվել: Մեր տեղեկություններով՝ նա օրերս հանդիպել է ԵԿՄ պատասխանատուների հետ և տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով միգուցե հրաժարվի նախագահությունից:
Ի դեպ, Մ. Գրիգորյանը մինչ այս իր մերձավոր շրջապատում հայտարարում էր, որ իրենից հետո կցանկանար ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնել պատգամավոր և իր մտերիմ Սեյրան Սարոյանին կամ ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանին: Վերջինս, ինչպես գիտենք, Լեռնային Ղարաբաղում փոխվարչապետ է, իսկ Ս. Սարոյանն ինքն էլ առողջական խնդիրներ ունի և ամռանը բուժման նպատակով արտերկիր է մեկնել: Եվ ահա, իշխանությունները որոշել են ԵԿՄ-ի նախագահությունը հանձնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
ԵԿՄ-ն բավականին մեծ կառույց է և ունի ավելի քան 25.000 անդամ: Այն թեև իրեն հռչակել է հասարակական կազմակերպություն, բայց սերտ կապ ունի քաղաքականության հետ: Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրություններին Մ. Գրիգորյանը գրեթե ողջ երկրապահով աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին: Իշխանությունները զգուշանալով, որ դա կարող է ավելի հզորացնել ընդդիմադիրներին՝ կարողացան Մ. Գրիգորյանին ճնշել ու ետ պահել այդ աջակցությունից: Իսկ արդեն 2012-2013թթ. Մ. Գրիգորյանը հայտարարեց, որ ԵԿՄ-ն պաշտպանում է Հանրապետական կուսակցությանն ու Սերժ Սարգսյանին: Արդյունքում նրա տղան Էջմիածին քաղաքում ընտրվեց և վերընտրվեց քաղաքապետ, իսկ ինքն էլ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով դարձավ պատգամավոր:
Եվ հիմա, երբ առաջացել է ԵԿՄ նոր նախագահ գտնելու հարցը, իշխանությունները, բնականաբար, ցանկանում են, որ այդ կառույցը լինի իրենց լիակատար ազդեցության տակ: Որ ավելի քան 25 հազարանոց կառույցի ղեկավարը չլինի այնպիսի մեկը, ով քաղաքական զարգացումների դեպքում կարող է դուրս գալ իրենց ազդեցությունից: Հատկապես, որ ԵԿՄ-ում երբեմն այդ նույն կառույցի հիման վրա կուսակցություն ստեղծելու ցանկություններ էլ են եղել: Ուստի պատահական չէ, որ այժմ իշխանությունները որոշել են այն ամբողջությամբ իրենց ազդեցության տակ պահելու համար նախագահ նշանակել Ս. Օհանյանին:










































