Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի հետ զրուցել ենք Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության շուրջ ծագած խնդիրներից:
–Պարոն Վարդազարյան, կոմպոզիտորների միության 42 կոմպոզիտորներ դիմում-նամակով են հանդես եկել և պահանջում են միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից արտահերթ համագումար հրավիրել, ինչպես նաև Դիլիջանի կոմպոզիտորների միության շենքն Էդուարդ Միրզոյանի անունով անվանակոչել: Ռոբերտ Ամիրխանյանն ասում է, որ ձեզ նյութական շահերն են հետաքրքրում:
– Սա այն դեպքն է, երբ առաջին քայլն է անում սեփական քայլերը կոծկելու համար:
–Այս տարիների ընթացքում արդյոք համագումարի անհրաժեշտություն չի՞ եղել, կոմպոզիտորների միության ողբերգական վիճակը նո՞ր նկատվեց:
-Համագումարի ժամկետն անցավ: Եթե մի փոքր ժամկետ անցած լիներ, ինչ-որ տեխնիկական պատճառներով ուշանար, խնդիր չէ, բայց այսքան տարիների տարբերություն է տալիս. արդեն երրորդ տարին է, որ համագումարի անհրաժեշտությունը կանոնակագրով պետք է կայանար, բայց չի կայացել: Այդ պատճառով, համաձայն կանոնադրության, այս ղեկավարությունը, այսպես ասած, լիգիտիմ չէ, օրինական չէ:
–Իսկ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ 22 տարի նույն անձն է ղեկավարել կառույցը, և ինչո՞ւ կոմպոզիտորները չեն ընդդիմացել նախորդ տարիներին, քանի որ մեկ անձը երկար մնալով իր պաշտոնին՝ լճանում է:
-Ըստ կանոնադրության, ժամկետ չի դրվում՝ քանի անգամ և քանի տարի կարող է նույն անձը պաշտոնավարել: Միրզոյանի օրոք երբեք նման հարց չի բարձրացել: Ըստ կանոնադրության՝ ընտրվում է վարչություն, որն ընտրում է նախագահին: Այստեղ փոփոխություն է արվել, որ ընդհանուր ժողովը կամ համագումարը կարող են նախագահ ընտրել, և ընտրվեց նախագահ, չընտրվեց վարչություն, և այն դարձավ միանձնյա ղեկավարություն, մինչդեռ վարչություն ունենալը անհրաժեշտություն է ոչ միայն հավասարակշռելու, այլ նաև օգնություն ցուցաբերելու և ընդհանուր հարցերը լուծելու համար: Չձևավորվեց ստուգիչ հանձնաժողով, ինչը նույնպես կանոնադրությամբ սահմանված էր: Վերջին համագումարից հետո միությունում չէր գործում ո՛չ ընտրված վարչություն և ո՛չ ընտրված վերստուգիչ հանձնաժողով: Ստեղծագործական սեկցիաները դադարեցին աշխատել, այսինքն՝ շփումը, ստեղծագործողների՝ մեկը մյուսի գործերին ծանոթանալը վերացավ, և խթան չկա երիտասարդներին ընդգրկելու ստեղծագործական գործընթացի մեջ: Անշուշտ, այդ ամենը իր ոչ դրական դերն ու նշանակությունը ունեցավ:
–Իսկ միությունը փոփոխման կարիք չունի՞: Շատերն այն նմանեցնում են ԽՄ-ից եկող կառույցի:
-Այն ժամանակ միությունը հիանալի կառույց էր, մտնում էր համամիութենական կառույցի մեջ սեփական դեմքով, սեփական ձայնով, սեփական երաժշտությունը ներկայացնելու հնարավորությամբ: Եվ ոչ միայն Խորհրդային Միության սահմաններում, այլ նաև նրանից դուրս: Այդ ամենը կատարվում էր, և պատիվ էր բերում մեր արվեստին, մեր ժողովրդին՝ ներկայացնելով մյուսներին: Փոխադարձ կապն անհրաժեշտ է բոլոր ստեղծագործական միություններին: Գուցե այստեղ գալիս է նյութական բազայի փոփոխության անհրաժեշտությունը: Եթե այն ժամանակ այդ ամենը համամիութենական ֆոնդի շնորհիվ էր իրականացվում, և դրա շնորհիվ է, որ Միրոզյանի նախաձեռնությամբ հիմնվեց Դիլիջանի կոմպոզիտորների տունը, որն Անդրկովկասում առաջինն էր: Իսկ այնպիսի անհեթեթ արտահայտություններ, որ ցանկանում են Միրզոյանի անվամբ կոչել, որ հետո վաճառեն, սա լիովին անհեթեթություն է: Պատկերացնո՞ւմ եք, Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Դեմիրճյանի ընտանիքի անդամները որոշեն վաճառել, որովհետև Դեմիրճյանի անվան է. անհեթեթություն…
–Կարծում եք՝ այս անգամ պետք է դրվի՞ միության նախագահի փոփոխության հարցը: Ինչո՞ւ են 42 հոգի ընդդիմանում, այլ ոչ թե հարյուր: Շատերը խոսում են, որ նրանք կուլիսների հետևում այլ բան են ասում, իսկ Ամիրխանյանի ներկայությամբ՝ այլ:
-Սա մարդկային թուլության կամ մարդկային չափազանց զգուշության դրսևորում է: Վերջապես կգտնվի մի մանուկ, որը կասի, որ արքան մերկ է: Սա ոչ թե Ամիրխանյանի դեմ է, այլ արդար ընտրություններ անցկացնել է պետք, այսինքն՝ այնպիսի ընտրություններ, որ համապատասխանում են կանոնակարգին: Ո՞վ ասաց, որ Ամիրխանյանը չի կարող ընտրվել, թող ընտրվի…
–Բայց եթե կոմպոզիտորներն ասում են, որ նա անգործությա՞մբ է զբաղվում:
– Դա արդեն կորոշի համագումարը, որը, հուսամ, արտահերթ նույնպես կլինի, քանի որ չի բացառում հերթականի անցկացումը, բայց արտահերթը տվյալ դեպքում անհրաժեշտ է: Այլապես հերթականը կարող է համարվել չկայացած, որովհետև չի եղել դրան նախորդող որևէ համագումար, որը հաստատեր հերթական համագումարն անցկացնելու իրավունքը:
–Ըստ Ձեզ՝ պետք է միությունների նախագահի պաշտոնում սերնդափոխությո՞ւն լինի:
-Միշտ չէ, որ սերնդափոխությունը բերում է լավ արդյունքների: Դա էլ ճիշտ չէ, որովհետև ձեռք բերած փորձը, նույնիսկ բացասական, ուղեցույց է նույն սխալները չկատարելու համար:
–Իսկ կա՞ որևէ մեկը, ում կտեսնեիք այդ պաշտոնում: Եթե Ձեր անունը ցանկում լինի, Դուք ի սկզբանե դե՞մ կլինեք:
-Կորոշի համագումարը, բայց ինձ վրա հույս չդնեք: Չնայած եղել եմ վարչության անդամ, չնայած եղել եմ կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավար, այն ժամանակ: Այն ժամանակ, երբ առաջարկեցինք Էդուարդ Միրզոյանին, որ դեռ թանաքը վրան չորացած նոր ստեղծագործությունների առանձին համերգներ կատարենք, նա ողջունեց և այսպիսի համերգներ կատարում էինք: Տարին երկու անգամ որպես միջոցառում անց է կացվում գարնանային համերգների շարք, աշնանային համերգների շարք, ու հիմնականում կատարվում են հին գրված ու մի քանի նոր գործեր: Այսինքն՝ ստեղագործողը գրում է, բայց ասպարեզ չունի ցուցադրելու: Դրան պիտի օժանդակի միությունը, իսկ այդ հնարավորությունը ունի, քանի որ կա Կոմպոզիտորների տան դահլիճը, որտեղ կարող են ներկայացվել երիտասարդ ստեղծագործողների ստեղծագործություններ, որոնք կներեկայացվեն և՛ հասարակությանը, և՛ կոլեգաներին:
–Այսինքն՝ փոփոխությունների հրամայական կա՞ այսօր:
– Ոճի և ճշտապահության, փոխադարձ բարյացակամության մթնոլորտի անհրաժեշտություն կա: Ի վերջո, չգիտես ինչու, մեր ճանաչված կոմպոզիտորներ և երաժիշտներ դուրս են մնացել կոմպոզիտորների միությունից: Նրանց հանել են Կոմպոզրիտորների միության ցանկից: Մեկին ասեմ՝ բավական է. Կոստանդին Օրբելյան…









































