Ստեփանակերտում բնակարանի 1քմ միջին գինը շատ մոտ է երևանյան բնակարանի 1քմ միջին գնին: Այսպես, այս տարվա առաջին եռամսյակի տվյալով Ստեփանակերտում 1քմ միջին գինը 267.5 հազար դրամ է, իսկ Երևանում` 269.9 հազար դրամ:
Ընդ որում, Ստեփանակերտում բնակարանների գներն արագ տեմպերով են բարձրանում: Եթե այս տարվա առաջին կիսամյակում` անցած տարվա համեմատ Արցախի մայրաքաղաքում բնակարանները թանկացել են միանգամից 9.2 տոկոսով, Երևանում այդ նույն ժամանակում թանկացումը մոտ 3 տոկոս է:
Արցախի մայրաքաղաքում անշարժ գույքի գների բարձրացումը պայմանավորված է առքուվաճառքի գործարքների աճով, քանի որ այդ նույն ժամանակում առքուվաճառքն ավելացել է 6.3 տոկոսով: Սակայն Երևանում գործարքները նվազել են, և այս տրամաբանությունը չի աշխատում: Չնայած անցած տարվա երկրորդ կիսամյակի համեմատ առքուվաճառքի գործարքները ոչ թե ավելացել են, այլ հակառակը պակասել` 8.9 տոկոսով, բայց գները բարձրացել են:
Ստեփանակերտում ամենաթանկը 1քմ-ն 335 հազար դրամ է, ամենաէժանը` 200 հազար դրամ: Իհարկե ամենաթանկ թաղամասը Երևանի Կենտրոնի գներին չի հասնում, որտեղ առաջին կիսամյակում 1քմ-ն արժեր 426 հազար դրամ: Երևանը Ստեփանակերտից առաջ է անցնում նաև ամենաէժան վարչական շրջանով: Եթե Նուբարաշենում 1քմ-ն առաջին կիսամյակում արժեր 149 հազար դրամ, Ստեփանակերտում ամենացածր գինը 1քմ համար 200 հազար դրամն է:







































