Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն առաջարկում է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել՝ դարձնելով 12-ից 10-ը: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, խորհրդարանում ասաց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մենք առաջարկում ենք ունենալ 10 հանձնաժողով, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովները պետք է ունենան 10 կամ 9 անդամ, ընդհանուր թիվը կլինի 97»,- ասաց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պետք է պահպանել, քանի որ Հայասռանում մարդու իրավունքների պաշտպանությունը շատ կարեւոր է: «Բացի դրանից ինչո՞ւ է ՀՀԿ-ն ուզում, որ լինի 9 հանձնաժողով, ոչ թե 8: Պատճառն այն է, որ դ’ Օնտի բանաձեւի համաձայն՝ 8-ի դեպքում ՀՀԿ-ն կստանար 5 մշտական հանձնաժողով, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 3: Շատ հետաքրքիր է, բայց ինչո՞ւ ոչ 10, որ «Ելք» խմբակցությունը նույնպես ունենա 1 մշտական հանձնաժողով: Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մեր նախագիծը չընդունվի, ուրեմն դուք կրճատում եք, որ «Ելք»-ը չունենա մշտական հանձնաժողով»,- ասաց Մարուքյանը:
«Ելք» խմբակցության պատգամավորը «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցություններին հորդորեց կողմ քվեարկել իրենց նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում:








































