Լինելով ալկոհոլի ազդեցության տակ՝ մարդիկ կատարում են ամենաանսպասելի արարքներ, որոնց համար հետո հաճախ զղջում են: Իսկ ամերիկացին, որի անունը չի հաղորդվում, գողանալով ուրիշի տնային կենդանուն՝ ոչ միայն զղջացել է, այլ նաև որոշել է ուղղել սխալը։ Այս մասին հաղորդում է Metrօ-ն:
Ամերիկացին Craiglist էլեկտրոնային հայտարարությունների կայքում թողել է բավականին անսովոր հաղորդագրություն: Կայքի անանուն օգտատերը գրում է, որ հանգստյան օրերին ինքը շատ ալկոհոլ է օգտագործել, որի հետևանքով հարբել է, և գիշերը տուն վերադառնալիս հանդիպել է սև կատվի ու որոշել նրան իր հետ տուն տանել:
Առավոտյան տղամարդը մտել է խոհանոց, տեսել անծանոթ կատվին և փորձելով հիշել նախորդ օրվա դեպքերը՝ հասկացել է, որ գողացել է ուրիշի կենդանուն, քանի որ վերջինիս վզին եղել է վզկապ, որի վրա նշված է եղել նրա անունը:
«Եթե ինչ-որ մեկը կորցրել է Ջանգո անունով կատվի, նրան ես եմ գողացել: Շատ կցանկանայի նրան հետ վերադարձնել: Ներողություն եմ խնդրում գողանալու համար» ,- խոստովանել է ամերիկացին:
Հաղորդագրության հեղինակը նշել է, որ հոգ կտանի կենդանու մասին այնքան ժամանակ, քանի դեռ նրա իսկական տերը չի գտնվել:









































