Հաճախ կարելի է լսել, թե Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Սա այնքան էլ ճիշտ չէ: Եթե համեմատում ենք Ռուսաստանը եվրոպական առանձին երկրների հետ, այո՛, Ռուսաստանը առաջինն է: Բայց մենք և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական տեսակետից երբեք չենք համեմատում Ռուսաստանը առանձին վերցրած Ֆրանսիայի (կամ Գերմանիայի) հետ: Մենք համեմատում ենք Ռուսաստանը Եվրամիության հետ:
Իսկ այսօր մենք ընտրելու ենք կա՛մ Ռուսաստան-Ղազախստան-Բելառուսը, կա՛մ ԵՄ բոլոր երկրները: Այսինքն՝ ճիշտը ԵՄ բոլոր երկրների ապրանքաշրջանառությունը Մաքսային միության երկրների ապրանքաշրջանառության հետ համեմատելն է:
Այս տեսակետից Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը ԵՄ-ն է: Նրան է բաժին ընկնում մեր ընդհանուր առևտրաշրջանառության շուրջ 30%-ը: Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Մաքսային միության երկրներին բաժին է ընկել մեր ընդհանուր առևտրաշրջանառության 23.2%-ը, որից 22.2%-ը՝ Ռուսաստանին, 0.9%-ը՝ Բելառուսին և 0.1%-ը՝ Ղազախստանին:
Եթե նույնիսկ համեմատենք ԵՄ-ն ԱՊՀ երկրների հետ, դարձյալ առաջին տեղում ԵՄ-ն է: Հունվար-հուլիս ամիսներին ԵՄ-ից մենք ներմուծել ենք 603 մլն դոլարի ապրանք, ԱՊՀ-ից՝ 554 մլն-ի: Նույն ժամանակահատվածում ԵՄ արտահանել ենք 290 մլն դոլարի ապրանք, իսկ ԱՊՀ՝ 212 մլն-ի:








































