Երեկ Apple ընկերությունն աշխարհին ներկայացրել է իր երկար սպասված նորույթները՝ iPhone 5S-ը և բյուջետային iPhone 5C-ն:
Ավելի էժան iPhone 5C-ի կորպուսը պատրաստված է պլաստիկից: Հիշեցնենք, ավելի վաղ Apple սմարթֆոնները սև ու սպիտակ էին, և գույների զանազանություն սիրողները դիմում էին ամենատարբեր պատյանների, պիտակների օգնությանը։ Իսկ նոր 5C-ն վաճառքի կհանվի միանգամից հինգ գույներով՝ կանաչ, դեղին, երկնագույն, վարդագույն և դասական սպիտակ:
Տեխնիկական միջուկի առումով նորույթը լիովին համընկնում է iPhone 5-ի հետ: Ի դեպ, հենց այդ պատճառով վերջինիս արտադրությունը կդադարի, իսկ iPhone 4S նախորդ սերնդի սմարթֆոնները չեն կորցնի իրենց պահանջարկը առնվազն մեկ տարի:
Երկրորդ նորույթը՝ iPhone 5S-ը, նույնպես ավելի հարուստ գունային գամա ունի: Մոդելի կորպուսն ապակուց ու ալյումինից է և վաճառքի կհանվի երեք գույնով՝ սև, արծաթագույն և ոսկեգույն:
iPhone 5S-ի գլխավոր առանձնահատկությունը՝ Touch ID-ն է՝ մատնահետքերի սքաները: Բացի այդ, նոր մոդելը սերիական լուսանկարման ֆունկցիա և 720 պիքսել թողունակությամբ տեսախցիկ ունի: Ավելացել է նաև մարտկոցի լիցքի պահպանման ժամկետը: iPhone 5S-ն աշխատում է մինչև 10 ժամ՝ խոսելու ռեժիմում, 40 ժամ՝ երաժշտության ռեժիմում և մինչև 250 ժամ՝ սպասման ռեժիմում:
Նոր iPhone 5S-ը և iPhone 5C-ն վաճառքի կհանվեն սեպտեմբերի 20-ին:









































