Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը դեմարշ է կազմակերպել Աստանայում ընթացող բանակցություններին՝ հայտարարելով խաղաղ կարգավորման ծրագրի քննարկմանը մասնակցության դադարեցման մասին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նիստերի դահլիճից հեռանալու գլխավոր պատճառն ընդդիմության ներկայացուցիչներն անվանել են սիրիական կառավարական զորքերի կողմից ընդդիմության հսկողության տակ գտնվող տարածքների շարունակական ռմբակոծումները:
«Մենք հեռացանք խորհրդակցությունից, քանի որ հենց այդ պահին, երբ նստեցինք բանակցությունների սեղանի շուրջ, Հոմսի և Դերաայի շրջանում ռազմական գործողությունները չէին դադարել, բադի այդ չկար հստակ օրակարգ»,-ասել է ընդդիմության պատվիրակության անդամ Ուսամա Աբու Զեյդը:
Բանակցությունների հարցերով սիրիական ընդդիմության բարձրագույն հանձնաժողովի խորհրդական Յահյա Ալ-Արիդին իր հերթին հայտնել է, որ պատվիրակությունն ընդամենն ընդհատել է, այլ ոչ թե դադարեցրել է բանակցություններին մասնակցությունը և կարող է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ռազմական իրավիճակի կարգավորման դեպքում:








































