Իրանական FARS գործակալությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ հունիսի 6-8-ը Հայաստան է այցելելու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ըստ որոշ տեղեկությունների` Երևանում նա հանդիպում է ունենալու նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ընդհանրապես, Իրանի նախագահի Հայաստան այցելությունը բավական հետաքրքրական է նաև այն իմաստով, որ Հայաստանում կարծես թե նրա հնարավոր այցի մասին ոչինչ հայտնի չէր:
Այսինքն, այդ այցելությունը, ըստ երևույթին, բավական անակնկալ է: Դրանից օրեր առաջ Հայաստանում էր Ահմադինեժադի հատուկ բանագնացը: Ըստ երևույթին նա Հայաստանում կամ նախապատրաստում էր նրա այցը, ինչի մասին, սակայն, չգիտես ինչու ոչինչ չհայտարարվեց, կամ էլ այն հարցերը, որոնք հույս ուներ Իրանի նախագահը լուծել հատուկ բանագնացի միջոցով, լուծում չեն ստացել, և առաջացել է անձամբ գալու և դրանք քննարկելու անհրաժեշտություն: Իսկ հայ-իրանական գործակցության հարցերի շրջանակը բավական լայն է` սկսած Ղարաբաղի խնդրից, վերջացրած տարածաշրջանային և ներհայաստանյան քաղաքական այլ հարցերով, ինչպես նաև տնտեսական ծրագրերով: Այդ համատեքստում բավական հետաքրքրական է նաև իրանական կողմի պահպանվող շփումները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ինչպես հայտնի է, 2010 թվականի հունվարին Քոչարյանն էր այցելել Իրան և հանդիպումներ ունեցել Ահմադինեժադի և նաև այդ ժամանակ Իրանի արտգործնախարար Մոթաքիի հետ: Եթե նախագահ Ահմադինեժադը, ներկայումս այցելելով Հայաստան, հանդիպում է ունենալու Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա դա թերևս բնորոշում է հայ-իրանական հարաբերության ներկայիս որոշակի առանձնահատուկ իրավիճակը: Բանն այն է, որ ըստ երևույթին Հայաստանի ներկայիս իշխանության հետ Իրանի նախագահն ունի որոշակի խնդիրներ, եթե Ռոբերտ Քոչարյանի հետ պարբերաբար հանդիպումներ են լինում:
Դժվար է ասել, թե այդ հանդիպումներում Իրանն ինչ է փնտրում` դեռևս Քոչարյանի նախագահության տարիներից հաստատված բիզնես կապերի արգասի՞ք են դրանք, թե՞ պայմանավորված են ասենք ղարաբաղյան հարցում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տարբեր դիրքորոշումների հետ, որտեղ Իրանն իրեն առավել շահավետ է համարում քոչարյանական մոտեցումները: Դա իհարկե չի նշանակում, որ Ղարաբաղի հարցում մոտալուտ բեկում է սպասվում: Պարզապես այդ համատեքստում Իրանը կարող է հետաքրքրված լինել Հայաստանի ներքաղաքական ստատուս քվոյով, որտեղ կարող են բացարձակ գերակայության հասնել Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, ովքեր, ինչպես հայտնի է, հանդես են գալիս տարածքային զիջման միջոցով Ղարաբաղի հարցը կարգավորելու օգտին, ինչը կարող է ձեռնտու չլինել ազատագրված տարածքների հարցում կենսական շահեր հետապնդող Իրանի համար: Այդ համատեքստում էլ Իրանը կարող է Հայաստանի ներքաղաքական գործընթացում դառնալ Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, բնական դաշնակիցը:










































