Ռոդ Այլենդի Նարագանսեթ քաղաքի բնակիչ Ջոն Դիվենին դիմել է դատարան՝ պնդելով, որ իր տան դիմաց գտնվող եկեղեցու զանգերի ղողանջները կործանել են իր ընտանեկան կյանքը: Այս մասին հայտնում է Providence Journal-ը:
64-ամյա ամերիկացին իր ընտանիքի քանդման պատասխանատվությունը դրել է սուրբ Թոմաս Մորի եկեղեցու և սուրբ Վերոնիկայի ժամատան զանգերի վրա: Տղամարդը ցանկանում է դատական կարգով հասնել նրան, որ եկեղեցին սովորականից պակասեցնի զանգերի ղողանջները: Տղամարդը նաև հաստատում է, որ զանգերի ղողանջը խաթարում է ԱՄՆ Սահմանադրության առաջին և չորրորդ ուղղումները:
Տղամարդը նշել է, որ ղողանջը հնչում է շաբաթական առնվազն 700 անգամ, այսինքն՝ տարեկան ավելի քան 36 հազար անգամ: Դրա պատճառով ամերիկացու մոտ առաջացել է էմոցիոնալ սթրես, վատ տրամադրություն, մշտապես վեճեր են եղել արդեն նախկին կնոջ հետ:
Ոստիկանությունը դեռևս չի արձագանքել տղամարդու հայտարարությանը, իսկ քաղաքի իշխանությունները հայտնել են, որ եկեղեցին՝ որպես կրոնական հաստատություն, ազատ է հասարակական կարգի խախտումից, և շաբաթական 700 անգամ հնչող զանգը միանգամայն օրինական է:










































