Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից հետո ԱԺ պատգամավորի թեկնածու, ռեյտինգային ընտրակարգով Սյունիքի մարզում առաջադրված Առուշ Առուշանյանը հայտնվել է աղմկոտ մի միջադեպի առանցքում: Լրատվամիջոցներից մեկը երեկ գրել էր, որ Առուշ Առուշանյանը և նրա թիմակիցները հարձակում են գործել Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տան վրա: Araratnews.am կայքի փոխանցմամբ`դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարզում խոսակցություններ են սկսվել, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու է Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ նրա փոխարեն ԱԺ կգործուղվի Առուշ Առուշանյանը: Վերջինս էլ եղբոր և ընկերների հետ շտապել է տոնել հաղթանակը: Նրանք կերուխումը կազմակերպել են Շահում Դավթյանի տան հարևանությամբ գործող օբյեկտներից մեկում, որից հետո Առուշանյանը որոշել է հաշվեհարդար տեսնել Դավթյանի հետ, այն բանի համար, որ ընտրություններում վերջինս սատարել է Աշոտ Արսենյանին, սակայն նրան չեն կարողացել հայտնաբերել տանը՝ և դրա փոխարեն հարվածներ են հասցրել Դավթյանի կնոջ ձեռքերին:
ՀՀ ոստիկանությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ այդ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ քննություն է ընթանում:
Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ այսօր Առուշ Առուշանյանը եղել է ոստիկանությունում և պնդել, որ ինքը որևէ առնչություն չունի այդ միջադեպի հետ: Կայքի տեղեկություններով՝ միջադեպ իրականում եղել է, բայց դրդապատճառներն ավելի խորն են եղել. դրանք առնչվում են նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործոնի հետ: Առուշանյանների և Խաչատրյանի հարաբերությունները լարված են եղել դեռ նրա մարզպետ եղած ժամանակաշրջանում: Հիշեցնենք, որ հայտնի Սդղի գյոլի միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանի վարորդի տղան ծեծի էր ենթարկել Առուշ Առուշանյանի հորը պատկանող շինանյութի խանութի աշխատակիցներից մեկին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































