Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Սուրիկ Կոստանյանի նախագահությամբ ավարտվել է Ալբերտ Թորոսյանի և Սամվել Գեչեճյանի գործի դատավարությունը:
Ալբերտն ու Սամվելը տարեկիցներ են՝ 22 տարեկան: Երկուսն էլ Վարդաշեն թաղամասի բնակիչներ են, երկուսն էլ դեռ ամուսնացած չեն ու գիշերային զվարճանքի վայրեր այցելելու համար ոչինչ չեն խնայել:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ալբերտ Թորոսյանն իրեն պատկանող 10,2 գրամ ոսկե շղթան 2013 թվականի ապրիլի 23-ին «Ֆասթ կրեդիտ կապիտալ» գրավատանը գրավադրել է տուժող Արմինե Ներսիսյանի անունով, վերցրել 35 հազար դրամ, իր ընկերների, ինչպես նաև Արմինե Ներսիսյանի ու նրա ընկերուհու հետ գնացել է գիշերային ակումբ, ուրախ ժամանակ անցկացրել:
Ոսկե շղթան անմոռաց է մնացել Արմինեի հիշողության մեջ: Ապրիլի 27-ին նա, առանց Թորոսյանին տեղյակ պահելու, գրավատանը վճարելով 35 հազար 575 դրամ, վերցրել է 102 հազար դրամ արժողությամբ ոսկե շղթան ու 110 հազար դրամով վաճառել իրեն անծանոթ քաղաքացու:
Արմինեի կատարած այս «առքուվաճառքի» մասին իմացել են Ալբերտ Թորոսյանն ու Սամվել Գեչեճյանը:
Մայիսի 1-ին նրանք գնացել են Արմինե Ներսիսյանի տուն, այնտեղից ժամը 13-ին գնացել են Երևանի Բագրատունյաց պողոտայում գտնվող «Նարինջ» բար:
Այդ հաստատության տրամադրող մթնոլորտում էլ Արմինեն խոստովանել է, որ Թորոսյանին պատկանող շղթան հանել է գրավատնից, ինչ է թե՝ հաճելի անակնկալ մատուցի շղթայատիրոջը, սակայն անակնկալի «հաճելիությունը» հօդս է ցնդել այն պահին, երբ Արմինեն, իր ասելով, կորցրել է «ազատագրված» շղթան:
Ալբերտն ու Սամվելը վիճել են Արմինեի հետ, քանզի իրենց տեղեկատվությունն այլ բանի մասին էր վկայում: Նրանք պարտադրել են, որ Արմինեն իրենց հետ գնա Վարդաշեն: Վճռական տղաները Արմինեին բարից դուրս են բերել, անմիջապես պատահական տաքսի են կանգնեցրել, Արմինեին ստիպել, որ նստի մեքենա:
Արմինեն հրաժարվել է նրանց հետ Վարդաշեն գնալուց՝ առաջարկելով զրուցել «չեզոք գոտում»՝ իր տանը:
Ալբերտն ու Սամվելն առանձնացել են, ինչ-որ բան պայմանավորվել, ապա Արմինեին տուն տանելու պատրվակով նրան նստեցրել են «Վիպ» տաքսի ծառայությանը պատկանող մեքենա, վարորդին պատվիրել, որ մեքենան վարի «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ:
Ըստ մեղադրանքի՝ «այդ կերպ Թորոսյանն ու Գեչեճյանը Արմինե Ներսիսյանին կտրել են իր բնական միկրոսոցիալական միջավայրից ու առևանգել են»:
«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում Թորոսյանը վարորդից պահանջել է մեքենան վարել դեպի Վարդաշեն: Արմինեն, հասկանալով, որ իրեն, այնուամենայնիվ, ցանկանում են իր կամքին հակառակ Վարդաշեն տանել, պահանջել է, որ տաքսիստը կանգնեցնի մեքենան:
Տաքսու վարորդը զգացել է, որ կարող է գլխացավանքի մեջ ընկնել, դառնալ հանցավոր արարքի մասնակից, խաչմերուկն անցել ու կանգնել է, իսկ Արմինե Ներսիսյանն իջել է մեքենայից ու հեռացել:
Ըստ մեղադրանքի՝ Ալբերտ Թորոսյանն ու Սամվել Գեչեճյանը տուժող Արմինե Ներսիսյանին խաբեությամբ առևանգել են, թող որ՝ «Նարինջ» բարից մինչև կինո «Հայրենիք»:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ասել, թե Արմինե Ներսիսյանը «չոր» է դուրս եկել այս «ջրից», սխալ կլինի: Նրան վերաբերող մասն անջատվել է «առևանգիչների» գործից, ուրիշի գույքի յուրացում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Առևանգման գործով Արմինեն միայն որպես տուժող է հանդես եկել, իսկ մյուս գործով կարող է դառնալ ամբաստանյալ:
Նախաքննության ընթացքում Թորոսյանն ու Գեչեճյանն իրենց մեղավոր չեն ճանաչել Արմինե Ներսիսյանի առևանգման համար, պնդել են, թե չեն առևանգել նրան:
Սակայն ընդհանուր իրավասության դատարանում երիտասարդ ամբաստանյալները միանգամից փոխել են իրենց դիրքորոշումը, լիովին մեղավոր ճանաչել իրենց ու միջնորդել են գործը քննել արագացված ընթացակարգով:
Ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը, Ալբերտ Թորոսյանին ու Սամվել Գեչեճյանին դատապարտել 4-ական տարի ազատազրկման, պայմանական դատապարտություն կիրառել ու երկուսի նկատմամբ էլ սահմանել 2 տարի փորձաշրջան:









































