Գերմանիայի Ներքին Սաքսոնիա մարզի կառավարությունը երկար քննարկումներից հետո որոշում է կայացրել այն մասին, որ եթե շան տերերը չորքոտանիների հետ վարվելու անհրաժեշտ փորձ չունեն, պետք է հանձնեն շան պահելու իրավունք ստանալու քննություն: Այս մասին հաղորդում է Hannoversche Allgemeine Zeitung պարբերականը:
«Շուն ունենալու վկայական» ստանալու համար անհրաժեշտ է հանձնել համապատասխան քննություն: Հիմա եթե չորքոտանու տերը դուրս գա փողոց և չունենա «շուն վարելու» իրավունքը, ապա նրան լուրջ խնդիրներ են սպասվում: Քննություն հանձնելու անհրաժեշտությունից ազատվում են որսորդները, մի շարք մասնագիտությունների տեր մարդիկ, ինչպես նաև նրանք, ովքեր վերջին տաս տարվա ընթացքում իրենց կենդանիների հետ խնդիրներ չեն ունեցել:
Բացի այդ, Ներքին Սաքսոնիայի կառավարությունը որոշում է կայացրել կենդանիներ պահելու հետ կապված նոր պահանջներ մտցնել, այդ թվում` կենդանու պարտադիր չիպավորում, ապահովագրություն և այլն: «Շան վկայական» ստանալու համար անհրաժեշտ կլինի վճարել 200 եվրո:









































