«Ցանկացած քաղաքական գործիչ ինքն է որոշում իր ճակատագիրը: Նա մեծ վաստակ ունի ՀՀԿ-ում, բարձր պաշտոն է զբաղեցրել, ուղղակի գալիս է մի պահ, երբ անձն ինքն է որոշում իր հետագա անելիքները: Եթե հայտարարության մեջ որևիցե պատճառ, հանգամանք չի նշել, նշանակում է՝ ինքն ունի իր քաղաքական ապագայի նկատմամբ պատկերացումներ։ Ոչինչ չեմ կարող ասել, թե ինչու է դա տեղի ունեցել»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշմանը և տարածած հայտարարությանը։
Համլետ Հարությունյանը չի կարծում, որ որևէ մեկը նրան ստիպել է. «Իմ տեղեկություններով՝ ոչ մեկը նրան չի ստիպել»:
Համլետ Հարությունյանը չթաքցրեց, որ իր համար անակնկալ էր Հովիկ Աբրահամյանի քայլը. «Մեր կուսակցությունը բավականին հզոր կուսակցություն է, և առանձին անհատների, ինչքան էլ որ կարևոր դեմքեր լինեն, դուրս գալը կուսակցության համար կորուստ է, բայց ոչ թուլացում: Կորուստ է, առավել ևս, երբ կարևոր դեմք էր կուսակցության համար»:
Հարցին՝ գուցե նեղացա՞ծ էր ՀՀԿ-ից վարչապետի պաշտոնն իր ձեռքից վերցնելու համար, պատգամավորն արձագանքեց. «Չեմ կարող ասել, դրանք անձնական խնդիրներ են, այդ հարցերում աշխատում եմ պասիվ մնալ: Եթե ինքը որևիցե պատճառ չի ասել, ես այդ անշնորհակալ գործը չեմ կարող վերցնել ինձ վրա: Նրա հետագա քաղաքական գործունեությունից կերևա՝ ընդդիմադի՞ր է, ուղղակի քաղաքականությա՞մբ է զբաղվում. դա կերևա հետագայում»:
Հովիկ Աբրահամյանը կարո՞ղ է լինել ընդդիմադիր՝ հարցին էլ պատասխանեց. «Չեմ կարող ասել, դա նրա հետագա քաղաքական գործունեությունից կերևա»:
Ըստ նրա՝ իր բոլոր պաշտոններում Հովիկ Աբրահամյանը իրեն դրսևորել է բավականին դրական կողմերով: «Եվ ոչ մեկը չի կարող դա ուրանալ, բայց թե ինչու է դուրս եկել կուսակցությունից՝ դա ինձ համար անակնկալ է»:
Լուսանկարը՝ aravot.am-ի










































