Ռիո դե Ժանյերոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը հայտարարել է, որ պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ռեժիսոր Վուդի Ալենը հաջորդ ֆիլմը նկարահանի իր քաղաքի մասին: Այս մասին հայտնի է դարձել հարցազրույցից, որը քաղաքապետը տվել է O Globo թերթին: Պաեսի խոսքով՝ ինքը պատրաստ է ապահովելու ֆիլմի նկարահանման ամբողջ ֆինանսավորումը:
Քաղաքապետի խոսքով՝ ինքը խոսել է Ալենի քրոջ հետ և իսպանացի ճարտարապետ Սանտյագո Կալատրավայի հետ նամակ ուղարկել Ալենին: Ճարտարապետը Նյու Յորքում բնակվում է ռեժիսորի հարևանությամբ:
Իր մտադրությունների լրջությունը հաստատելու համար Պաեսը հայտարարել է, որ պատրաստ է հաշտվել տեղի բնակչության ցանկացած քննադատության հետ՝ ռեժիսորին միլիոններ տալու վերաբերյալ:
Վերջին մի քանի տարիներին Վուդի Ալենը երեք ֆիլմ է նկարահանել եվրոպական քաղաքների՝ Բարսելոնի, Փարիզի ու Հռոմի մասին:










































