Грузия online-ի փոխանցմամբ, մայիսի 21-ից Թբիլիսիի Հանրային հեռուստատեսության շենքի մոտ տեղի ունեցող ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ առաջին անգամ հայտնվել է Վրաստանի պետական դրոշը: Նշվում է, որ ցայժմ ակցիաների առաջնորդներն ու կազմակերպիչները ելույթ են ունեցել ռուսական դրոշի գույներով ներկված ամբիոնից:
Բացի այդ, այսօրվա ակցիայի ժամանակ միջադեպ է գրանցվել ցուցարարների ու ակցիան լուսաբանող լրագրողների միջև: 60-ամյա մի տղամարդ ցուցարար իրեն վատ է զգացել, ինչի համար ցուցարարները շտապօգնություն են կանչել: Լրագրողները փորձել են դա նկարել, սակայն դա հարուցել է ցուցարարների դժգոհությունը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանն ընդդիմությանն արտոնել է ակցիաներ անցկացնել մայիսի 21-25-ը: Իսկ վաղը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում կայանալու է անկախությանը նվիրված ռազմական շքերթը: