Օգոստոսի 13-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի զարգացման համագործակցության գործակալության (ԱԶՀԳ) նորանշանակ գործադիր տնօրեն դոկտոր Մարտին Լեդոլտերի հետ:
Դեսպան Կիրակոսյանը ողջունել է պարոն Լեդոլտերին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ: ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձել են Հայաստանի հետ իրականացվող և նախատեսվող համագործակցության ծրագրերին և երկուստեք կարևորել են Հայաստանում ԱԶՀԳ գրասենյակի հիմնադրումը:
Անդրադառնալով գործակալության կողմից Հայաստանում իրականացվող և նախատեսվող նախագծերին ու ծրագրերին՝ դոկտոր Լեդոլտերին հայտնել է, որ Հայաստանին ի օժանդակություն հատկացված ԱԶՀԳ դրամագլուխը միտում ունի առաջիկայում աճելու: Նշվեց նաև, որ Ավստրիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին վերաբերող Կարգավորիչ գիլիոտին ծրագրին և 2014 թվականին իր մասնակցությունն է բերելու ծրագրի 2-րդ փուլին:
Օգոստոսի 14-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության նորանշանակ գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ, ով հունիսի 24-ին ընտրվել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն` 4 տարի ժամկետով:
Դեսպան Կիրակոսյանը պարոն Լի Յոնգին է փոխանցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական նամակը` գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ՀՀ կառավարության անունից հրավիրեց այցելել Հայաստան: Բարձր գնահատելով ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ ՀՀ ներկա համագործակցությունը՝ դեսպան Կիրակոսյանը անդրադարձել է կատարված և ընթացիկ ծրագրերին և շեշտել այդ ծրագրերի կենսական նշանակությունը ՀՀ արդյունաբերության զարգացման համար:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի շնորհավորական նամակի և Հայաստան այցելելու հրավերի համար՝ գլխավոր տնօրեն Լի Յոնգը գոհունակությամբ ընդգծեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության առջև ՀՀ կառավարության հանձնառությունների կատարման ընթացքը:








































