Եվրոպայի ավիափոխադրումների անվտանգության կազմակերպության տվյալներով, Իսլանդիայի Կրիմսվյոհթն հրաբխի արձակած մոխիրն արդեն ծածկել է Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի օդային տարածքը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Արդեն հետաձգվել է 252 չվերթ:
Չվերթները հետաձգել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են բրիտանական British Airways-ը, իռլանդական Ryanair-ը, հոլանդական KLM-ը և այլն: Չվերթների ժամանակավոր արգելք է մտցվել Դուբլինի, Գլազգոյի, Էդինբուրգի և մի շարք այլ քաղաքների օդանավակայաններում:
Մենք տեղեկացրել էինք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաամն ժամանակից շուտ է լքել Իռլանդիան, քանի որ վտանգ կար, որ ավելի ուշ նա չի կարողանա թռչել Իռլանդիայի օդային տարածքի փակման պատճառով:
Հիշեցնենք, որ Կրիմսվյոհթնը ժայթքել է մայիսի 21-ին: Մասնագետները նշում են, որ այն ամենաուժեղն է վերջին հարյուր տարվա ընթացքում:
Կրիմսվյոհթնի արտանետած մոխիրն ավելին է, քան անցյալ տարի ողջ Եվրոպայի օդային տարածքը մշուշած Էիյյաֆյահլայոքուհլինը, սակայն քանի որ Կրիմսվյոհթնի մոխիրն ավելի խոշորամասնիկ է, այն չի տարածվում մթնոլորտում, այլ արագ իջնում է գետնին:









































