Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ։
Ալիևի խոսքերով՝ այդ համագործակցությունն արդեն շարունակվում է մի քանի տարի։ Ալիևը համագործակցության ընդգրկուն լինելն ի ցույց դնելու համար հայտնել է, որ երկու երկրների միջև ստորագրվել են 4.85 միլիարդ դոլարի զենք գնելու մասին պայմանագրեր, որոնց մեծ մասն արդեն իսկ իրագործված է.
«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և գոհ ենք համագործակցության այս մակարդակից։ Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում են շատ ոլորտներում։
Այսօր ստորագրված փաստաթղթերը ակնհայտորեն ի ցույց են դնում մեր համագործակցության մեծ պոտենցիալը։ Բոլոր փաստաթղթերը կարևոր են։ Ես կցանկանայի դրանցից առանձնացնել մեկը, որը հնարավորություն կտա ստեղծել տնտեսական համատեղ հանձնաժողով, ինչը երկկողմ համագործակցության շատ արդյունավետ մեխանիզմ է։
Վստահ եմ, որ դա կօգնի մեծացնել ապրանքաշրջանառությունը և դիվերսիֆիկացնել այն։ Չնայած նրան, որ ապրանքաշրջանառությունը գտնվում է լավ մակարդակի վրա՝ դա հիմնականում կապված է Ադրբեջանից Իսրայել նավթի արտահանման հետ։
Մենք պետք է աշխատենք այն մեծացնելու ու դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Այսօր մենք քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցերի լայն շրջանակ։
Քննարկումներն անցել են շատ բաց, բարեկամական միջավայրում։ Տվյալ քննարկումները կօգնեն մեզ ուժեղացնել երկկողմ կապերը։ Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցության շատ լավ հեռանկարներ ունեն գյուղատնտեսական ոլորտում։
Զբոսաշրջությունն էլ պոտենցիալ զարգացման հիմնական ոլորտներից է։ Վստահ եմ, որ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ուղիղ չվերթները կօգնեն մեծացնել զբոսաշրջիկների թիվը երկու ուղղություններով էլ»։








































