Եվրամիության տարածքում թերթաքարային գազի պաշարների յուրացման տեմպերը դանդաղ կլինեն՝ Kommersant-ի հետ հարցազրույցում ասել է Royal Dutch Shell-ի գլխավոր գործադիր տնօրեն Փիթեր Վոզերը:
«Shell-ի տվյալներով՝ Եվրոպայի տարածքում գտնվում են թերթաքարային գազի բավականին լավ պաշարներ, սակայն դրանց յուրացման տեմպերը դանդաղ կլինեն և չեն կարող համեմատվել ԱՄՆ-ում գազի թերթաքարային հանքավայրերի մշակման տեմպերի հետ: Եվրոպայում այդ պաշարների մշակումը կսկսվի հավանաբար հաջորդ տասնամյակից ոչ շուտ»,- նշել է նա:
«Առաջին հերթին, դա պայմանավորված է նրանով, որ Եվրոպայում տարածքային միավորին բաժին ընկնող բնակչության խտությունը շատ մեծ է, այդ իսկ պատճառով խնդիր կլինի նման աշխատանքների իրականացում թույլ տվող փաստաթղթերի ստացումը: Բացի դրանից՝ Եվրոպան սպառում է գազի ամբողջ ներկրումների 70 տոկոսը, ուստի կարող է սուր մրցակցություն առաջանալ ներկրումների և սեփական մշակումների միջև, ինչը կդառնա գործընթացն արգելակող ևս մեկ խնդիր»,- ընդգծել է Վոզերը:
Եթե Հյուսիսային Ամերիկայում նման նախագծերի շահույթը ստանում են անմիջապես արդյունաբերություն իրականացնող տարածքների սեփականատերերը, ապա Եվրոպայի դեպքում ողջ դրամական հոսքը կուղղվի պետության բյուջե՝ ընդգծել է Royal Dutch Shell-ի ղեկավարը:










































