Ռուսական «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկությունը հրապարակել է փաստաթղթեր, որոնք լույս են սփռում Սիրիայի համար նախատեսված զենիթահրթիռային С-300 համակարգերի ճակատագրի վրա:
Մոսկվայի «Ավանգարդ» մեքենաշինական և Նիժնեգորոդսկի մեքենաշինական գործարանի հաշվետվությունից երևում է, որ համալիրների մի մասը արդեն արտադրված է, սակայն պահվում է Ռուսաստանում, իսկ մի մասի արտադրությունը հետաձգվել է:
Ընդ որում, գրաֆիկի համաձայն՝ հրթիռային համակարգերը պետք է սիրիացիներին ուղարկվեին դեռ այս տարվա գարնանը, իսկ Դամասկոսը նույնիսկ արդեն հարյուր միլիոն դոլար է վճարել՝ գրում է «Վեդոմոստին»՝ հղում կատարելով պաշտպանական արդյունաբերության իր աղբյուրին:
«Ռոսոբորոնէքսպորտ»-ի ղեկավարությանը մոտ զրուցակիցը վստահություն է հայտնել, որ Սիրիան հարց առաջ չի քաշի С-300-ների արագ մատակարարման կամ գումարի վերադարձման վերաբերյալ, քանի որ Ռուսաստանն իր գլխավոր արտաքին քաղաքական գործընկերն է, ու Մոսկվայի աջակցությունը թանկ է գնահատում:










































